‘«Բելլաջիոյի Գրիշը» ճողոպրել է՝ Կառավարության ծրագրին դեմ չքվեարկելու համար’

1943

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ նույն ինքը «Բելլաջիոյի Գրիշը», ԲՀԿ խմբակցության կազմում լինելով հանդերձ, ԲՀԿ-ի դեմ պարբերաբար պրոիշխանական խաղեր է տալիս:

Դա երեւաց նաեւ այսօր՝ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ: ԱԺ 6 խմբակցություններից 4-ը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այսօր դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին: Մարգարյանը, գործընկերներից նախապես իմանալով, որ ԲՀԿ խմբակցությունը պետք է դեմ քվեարկի կառավարության ծրագրին, շատ արագ լքեց ԱԺ դահլիճը՝ քվեարկությանը չմասնակցելու եւ ՏիգրանՍարգսյանի կառավարությանը դեմ չքվեարկելու համար: 
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Բելլաջիոյի Գրիշի այսօրվա պահվածքը լցրել է ԲՀԿ-ականների համբերության բաժակը, եւ նրանք պատրաստվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ բարձրացնել Բելլաջիոյի Գրիշի հարցը՝ համարելով դա պատվի խնդիր:
Ուշագրավն այն է, որ մեկ տարի առաջ՝ ԱԺ ընտրություններից հետո, երբ խորհրդարանում քննարկվում էր կառավարության ծրագիրը, Գ.Մարգարյանը, հակառակ դեմ քվեարկելու մասին ԲՀԿ խմբակցության որոշմանը, ձեռնպահ էր քվեարկել, հետո փորձում էր արդարանալ, թե դա տեխնիկական խնդիր է: Եւս մեկ ուշագրավ փաստ. շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիգորի Մարգարյանը, լինելով ԲՀԿ խմբակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններին Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում աշխատել է ոչ թե ԲՀԿ-ի, այլ՝ ՀՀԿ-ի օգտին՝ նույնիսկ ներդրում ունենալով Տ.Մարգարյանի համար բաժանվող ընտրակաշառքի ֆոնդին:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2007թ. խորհրդարանում, Գրիգորի Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամ էր: Սակայն 2012թ. խորհրդարանում հայտնվեց ԲՀԿ խմբակցության կազմում: Միայն թե՝ հոգով շարունակում է մնալ ՀՀԿ գրկում:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինին հունիսին կնշանակվի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ՀՀ իշխանությունները արհամարհում են եվրոպական կառույցների պահանջները’