‘Վլադիմիր Կարապետյան. ՀՀ իշխանությունները արհամարհում են եվրոպական կառույցների պահանջները’

1954

Զգալով միջազգային հանրության աջակցությունը մի շարք հարցերում՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը ձեռնամուխ է եղել հասարակությանը համոզելու՝ իբր նա հավատարիմ է եվրոպական արժեքներին, Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) եւ Եվրոպական միության (ԵՄ) առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: 

Քվեարկելով Մարտի 1–ի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման դեմ՝ ռեժիմը ոչ միայն հասարակության առջեւ, փաստորեն, ստանձնեց սպանությունների պատասխանատվությունը, այլեւ թիկունքով շրջվեց Եվրոպայի ուղղությամբ: Հայտնի է, որ թե՛ ԵՄ-ը

(http://eeas.europa.eu/delegations/armenia/documents/eu_armenia/armenia_enp_2012_progress_report_en.pdf

եւ թե՛ ԵԽ-ն

(http://assembly.coe.int/ASP/XRef/X2H-DW-XSL.asp?fileid=18032&lang=EN)

հատուկ ընդգծել են Մարտի մեկի սպանությունների բացահայտման անհրաժեշտությունը: Հասարակության համար էլ պարզ է, որ ՀՔԾ-ն չի կարողանում որեւէ առաջընթաց ապահովել մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցում, քանի որ չունի ո՛չ քաղաքական հրահանգ, ո՛չ էլ մասնագիտական կարողություն՝ դա անելու համար: ՀՔԾ-ն ապացուցում է դա արդեն հինգ տարի, իսկ վերջին տարիներին զլանում անգամ հաշվետու լինել հասարակության առջեւ՝ արված «աշխատանքի» մասին:

Այս պարագայում հասարակության լայն շերտերի շահերն արտահատող քաղաքական ուժին` Հայ Ազգային Կոնգրեսին այլ բան չէր մնում, քան նախաձեռնել մի ժամանակավոր մարմնի ստեղծում, որը վեր կհաներ պաշտոնական քննության բացերը եւ կօգներ բացահայտել հանցագործությունը: Հենց այդ նախաձեռնությամբ էլ հանդես եկավ ՀԱԿ խմբակցությունը ԱԺ-ում: Հակված եմ կարծելու, որ ոչ թե ռեժիմը, այլ կոնկրետ անուն-ազգանուն ունեցող մարդիկ` պատգամավորները, ընդդիմացան ճշմարտության բացահայտմանը: Հարյուր տարի էլ անցնի, այդ կոնկրետ 60 մարդիկ, անկախ նրանից,  թե ինչպիսի պայմաններում էին գործում, պետք է պատասխան տան, թե ինչու էին դեմ, որ մարդասպանները պատժվեն: Նրանք՝ ԱԺ Հատուկ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկածները, նաեւ պետք է պատասխան տան Հայաստանի նկատմամբ եվրոպական համայնքի դիրքորոշումների ապագա կոշտացման համար: Այլեւս եվրոպացիներին էլ պարզ է, թե ով է վիժեցրել հանձնաժողովի ստեղծումը, հետեւաբար՝ պատասխանատվությունն էլ պետք է կրի այդ քաղաքական ուժը: Սակայն տուժելու է Հայաստանը, որովհետեւ Հանձնաժողովի ստեղծման դեմ քվեարկած մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանը, քաղաքակիրթ պետությունների նման, ձերբազատվի երկրի բնականոն ընթացքի եւ զարգացման առջեւ առկա հիմնական խոչընդոտից. հասարակության մեջ չպետք է լինեն խմբեր, որոնք պարտակում են մարդասպաններին եւ նրանց, ովքեր կրակել են անզեն ժողովրդի վրա: 
Այս հարցը եւս մեկ կարեւոր ասպեկտ ունի. նախագահականի վերահսկողնության տակ գտնվող եւ ընդդիմադիրի դիմակով գործող մի քանի լրատվամիջոցներ ամիսներ շարունակ փորձում են համոզել,  թե իբր Ս. Սարգսյանը արեւմտամետ գործիչ է: Նրանք չարձագանքեցին, երբ նախագահական ընտրություններից հետո նրա առաջին եւ տակավին միակ բարձրաստիճան հյուրը Եվրոպայում վտարանդիի կարգավիճակ ունեցող Ա. Լուկաշենկոն էր, նրանք նաեւ չեն արձագանքում, երբ Ս. Սարգսյանը հրահանգում է իր թիմակիցներին դեմ գնալ Եվրոպական համայնքի պահանջներին եւ խոչընդոտել Մարտի 1–ի Հանձնաժողովի ստեղծումը: Որեւէ մեկն այսօր չի բարձրաձայնում, թե ինչ եղավ ԵՄ կողմից կազմակերպվելիք դոնորների կոնֆերանսը, չեն հարցնում, թե արդյո՞ք Մարտի 1–ի քննության ձախողումը եւ խորհրդարանական Հանձնաժողովի ստեղծման վիժեցումը չի խոչընդոտի ԵՄ-ի հետ աշնանը կարեւորագույն փաստաթղթերի ստորագրմանը: Կամ էլ ինչպե՞ս պետք է մեր քաղաքացին վերաբերվի այն Եվրոպային, որը շարունակ կոմպրոմիսի է գնում մի շարք հարցերում.
— փաստորեն՝ անտեսում է ընտրություններում համատարած խախտումները, որոնց արդյունքում խոստումները ձախողած, աղքատության մակարդակը խորացրած եւ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը «վստահորեն» վերարտադրվում է,
— ներում է ՀՀ իշխանությունների անգործությունը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ խորհրդարանական ընտրություններից հետո արված հանձնարարականների կատարման հարցում, որոնք պետք է կատարվեին մինչեւ նախագահական ընտրությունները,
— որեւէ կերպ չի արձագանքում նրան, որ ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում է առաջադրում խոշորագույն կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյային, 
— դեռեւս չի դատապարտել Մարտի 1–ի բացահայտման ԵՄ եւ ԵԽ պահանջը բացահայտ արհամարհած իշխանության գործողությունները:
Բոլոր այս խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը որդեգրել է զարգացման եվրոպական մոդելը եւ հետեւողականորեն ընթանալու է այս ուղղությամբ: Որքան էլ դա խորթ լինի այսօրվա իշխանություններին:

Վլադիմիր Կարապետյան
Հայ Ազգային Կոնգրես

Նախորդ հոդվածը‘«Բելլաջիոյի Գրիշը» ճողոպրել է՝ Կառավարության ծրագրին դեմ չքվեարկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 27 տոկոսով՝ 7-8 դրամով(տեսանյութ)’