‘«Բերկուտին» չի հաջողվել քանդել բարիկադները Կիևի կենտրոնում’

924

Կիևի կենտրոնում արդեն հինգերորդ օրն է՝ պահպանվում է լարված իրավիճակը: Հունվարի 23-ի գիշերը ուժայինները հերթական փորձն են ձեռնարկել՝ քանդելու Գրուշևսկի պողոտայում՝ «Դինամո» մարզադաշտի մոտ կառուցված բարիկադները, սակայն ետ են մղվել: Ըստ 5-րդ ալիքի հաղորդման՝  «բերկուտցիները» նահանջել են, երբ ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել ու ողջ գիշերվա ընթացքում  անվադողեր են այրել, որպեսզի թույլ չտան «Բերկուտին» հարձակվել: Վերջին ժամերի ընթացքում մի քանի նոր բարիկադներ են կառուցվել:

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ միլիցիայի աշխատակիցները փորձել են վիրավոր ցուցարարներին բռնել քաղաքային հիվանդանոցների մուտքերի մոտ և նույնիսկ նրանց դուրս հանել հիվանդանոցներից: Նաև հաղորդվել է, որ «Բերկուտի» մարտիկները ձերբակալել են «Ավտոմայդանի» ակտիվիստներին, ովքեր պարեկում էին թիվ 17 հիվանդանոցի մոտ: «Украинская правда»-ի տվյալներով՝ ակտիվիստներն այդտեղ էին ժամանել կանչով, սակայն ուժայինները հարձակվել են նրանց վրա և ջարդուփշուր արել առնվազն չորս ավտոմեքենա:

Պաշտոնապես՝ Կիևում բախումների զոհ է դարձել երկու մարդ, սակայն Մայդանի բուժծառայության աշխատակիցները հայտարարում են հինգ զոհերի մասին: Անկարգությունների հետ կապված՝ ձերբակալվել է առնվազն 75 մարդ, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վարչապետն ու Կաթողիկոսը թուրք ազգայնականի հետ «պատահաբար են» լուսանկարվել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի աճյունը հողին կհանձնեն հունվարի 29-ին` քաղաքային պանթեոնում’