‘Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներն ազատվել են աշխատանքից’

887

Իրականացվել են ստուգումներ և խորը ուսումնասիրություններ գործակալության փորձաքննական բաժիններում, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներն ազատվել են աշխատանքից, ազատվել են նաև բժիշկ փորձագետներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Իրականացվել են մի շարք փոփոխություններ, և նախատեսվում են միջոցառումներ, որոնք ուղղված են գործընթացի հստակեցմանը: Մենք նախատեսում ենք՝ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն նաև բժիշկներն ու հասարակական կազմակերպությունները»,-ասաց նախարարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե իրականացված միջոցառումներն ու այդ որոշումները ստեղծո՞ւմ են բավական երաշխիքներ, որ կոռուպցիոն ռիսկերը բացակայեն: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ արված աշխատանքները բավական օգուտ են տվել:

Ավելի վաղ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր կադրային փոփոխություններ իրականացնել, անհապաղ աշխատանքից ազատել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին, ինչը և արվել էր: Նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ հանդիպել են զարհուրելի դեպքերի ու փաստերի:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը խոստացել է համաքաղաքացիներին պաշտպանել զոմբիներից և հրեշներից’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» չհամաձայնվեց ոչ-ոքիին, ՉՖՌ-ն անիմաստ հաղթեց ՄՅՈՒ-ին, Մեսիի վնասվածքը. ՉԼ-ի վերջին հանդիպումները’