‘Բիգ-Բենը կվերածվի «լուսային հուշահամալիրի»՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի’

944

Բրիտանական խորհրդարանի ժամացույցի աշտարակը՝ նշանավոր Բիգ-Բենը, նոյեմբերի 9-ի երեկոյան կվերածվի «լուսային հուշահամալիրի»՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն: Աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակը նշվում է այս տարի:

«Մեծ պատերազմի ժառանգությունն իր հետքն է թողել ոչ միայն այն սերնդի վրա, ով կռվել  և զոհաբերվել է այդ պատերազմում, այլև հետագա սերունդների,- ասել է Բերքոուն:- Պատերազմն արմատապես փոխել է խորհրդարանը, ինչպես նաև՝ շատ այլ ազգային հաստատություններ»:

Լուսարձակների միջոցով Բիգ-Բենի պատերին կարմիր կակաչի թափվող թերթիկներ պատկերող լուսային կոմպոզիցիա կարտածվի: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ ծաղիկը Մեծ Բրիտանիայում դարձավ մարտի դաշտերում զոհվածների համար սգո խորհրդանիշ: Կակաչը որպես խորհրդանիշ է ընտրվել, քանի որ այն հիշատակվում է Առաջին աշխարհամարտի զոհերին նվիրված «Ֆլանդրիայի դաշտերում» բանաստեղծության մեջ:

Հուշ-ակցիան կանցկացվի նոյեմբերի 9-ին, Լոնդոնի ժամանակով ժամը 17.30-ից մինչև 23.00, երբ երկրում նշվում է Հիշատակի կիրակին: Այդպես է կոչվում բրիտանացիների և Համագործակցության երկրների քաղաքացիների ամենամյա հիշատակի օրը , որոնք ընկել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում և հետագա հակամարտություններում:

Առաջին աշխարհամարտում զոհված բրիտանացիների թիվը (800 հազարից մինչև մեկ միլիոն մարդ) գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհերի թիվը (450 հազար): Դրա համար էլ 1914-1918 թթ. իրադարձությունների տարելիցները Մեծ Բրիտանիայում մեծ թափով են նշվում:

1918 թ., պատերազմի ավարտից հետո, Բրիտանիայում խորհրդարանի ընտրությունների օրենքը ժողովրդավարացվեց: Ձայնի իրավունք ստացան 21 տարեկանից սկսած՝ բոլոր տղամարդիկ: Մինչ այդ ընտրական իրավունքը սահմանափակվում էր ունեցվածքային ցենզով: Նույն տարում Մեծ Բրիտանիայի կանայք առաջին անգամ ընտրություններին մասնակցելու (30 տարեկանից) և խորհրդարանում ընտրվելու (21 տարեկանից) իրավունք ստացան: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարաը խոստովանել է, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի’
Հաջորդ հոդվածը‘Բժիշկները պաշտոնապես հաստատել են Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության վարկածը’