‘ԲՀԿ-ն հաստատեց, որ ինքը կաշկանդված չէ ժամանակին ստորագրած «Հուշագրով» ‘

1540

Կարծես թե լուծվեց նախընտրական այս շրջանի ինտրիգներից մեկը, որ տեւական ժամանակ լարվածության մեջ էր պահում ինչպես իշխանությանը, այնպես էլ քաղաքականությամբ հետաքրքրվող հանրությանը։ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կայացրեց եւ հրապարակեց երկու կետից կազմված իր որոշումը.

 1)նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու,

2) նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

Մինչ այս եղած ինտրիգն այն էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր էր ԲՀԿ-ի երեք վարքագիծ. ա) Հանդես է գալիս նախագահի սեփական թեկնածուով, բ) սատարում է ընդդիմադիր այլ՝ Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուին, գ) սատարում է իշխանության թեկնածու Ս. Սարգսյանին։ Վերջին տարբերակի հնարավորության մասին խոսում էին հատկապես ՀՀԿ-ականները՝ հիշեցնելով մասնավորապես հայտնի «Հուշագիրը»։ Առաջին եւ երկրորդ տարբերակները հնարավորությունը հենվում էր այս քաղաքական ուժի՝ վերջին ավելի քան մեկուկես տարում դրսեւորած վարքագծի վրա։ ԲՀԿ կայացրած որոշումը չորրորդ մի տարբերակն էր՝ առաջին երեքի համեմատությամբ արտաքուստ հարաբերականորեն պասիվ։

Եվ այնուամենայնիվ այդ որոշումը պատասխան է տալիս մի շարք հարցերի, որոնք «ինտրիգի» շրջանում լայնորեն քննարկվում, կանխատեսվում էին։ Առաջին՝ դրանով հօդս ցնդեց իշխանության հետ «խաղի» եւ ի վերջո, նախընտրական շրջանում Ս. Սարգսյանին սատարելու մասին գնահատականները կամ կանխատեսումները։ Երկրորդ՝ չարդարացան նաեւ այն «կանխատեսումները», թե ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի, որպեսզի տանի ընդդիմադիր ձայների մեծ մասը, գրավի 2-րդ տեղը, վերջում կշնորհավորի ու դրանով իսկ կլեգիտիմացնի Ս. Սարգսյանին։ Կատարված քայլի այսօր տեսանելի, շոշափելի ու առարկայական քաղաքական արդյունքն այն է, որ ԲՀԿ-ն դրանով հաստատեց, որ ինքը կաշկանդված չէ ժամանակին ստորագրած այն «Հուշագրով», ըստ որի նախագահական ընտրություններում պետք է սատարի Սերժ Սարգսյանին։

Մուսա Բադալյան

 

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Արսենալը»’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԺ մամլո ծառայության՝ ՀՀԿ-ական պատգամավորը ստո՞ւմ է ‘