‘ԲՀԿ պատգամավոր. Երեւանի քաղաքապետարանն անհարկի շքեղություններ է թույլ տալիս’

1003

Քաղաքական իրավիճակը չի փոխվելու, որովհետեւ բոլոր ընտրությունները դառնալու են բողոքի, ցասման արտահայտության, մոբիլիզացիայի միջոց, որովհետեւ մարդկանց կյանքը լավը չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Երեւանում շատ բաներ չկան, կամ հասանելի չեն մարդկանց համար, քանի որ թանկ են: Բայց պարզվում է՝ քաղաքապետարանը շքեղություններ թույլ տալու միջոցներ ունի», — ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը 81 միլիոն 760 հազար դրամ է ծախսել միայն 2012թ. արտաքին գործուղումների համար: Ըստ պատգամավորի, համայնքային կառույցը ԱԳՆ մակարդակի ծախսեր է իրեն թույլ տալիս: ԲՀԿ պատգամավորը նշեց նաեւ, որ շենքերի գեղարվեստական լուսավորման համար նախորդ տարի քաղաքապետարանը ծախսել է 34 միլիոն 630 հազար դրամ, դրոշների տեղադրման համար՝ 73 միլիոն դրամ, մոտ այդքան էլ՝ վերելակների վերանորոգման վրա է ծախսվել: «Հասկանալի է, թե ինչ է կատարվում», — նշեց Ուրիխանյանը: Նա հույս հայտնեց, որ Հանրային հեռուստատեսությունը իր եթերաժամից չի կտրի այս ելույթը:

«Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը խոսեց Երիտասարդական մետրոյի հարակից գետնանցման գրքի տոնավաճառը վերացնելու՝ քաղաքապետարանի որոշման մասին: «Հասկանում եմ, նրանց համար գիրքը պարզապես մակուլատուրա է: Ցանկացած իրեն հարգող իշխանություն պիտի կանչեր նրանց (գրավաճառներին-խմբ), լսեր նրանց խնդիրները, առաջարկները, թե ինչպես կարելի է Հայաստանում չկործանել գրքի շուկան», — ասաց տիկին Զոհրաբյանը՝ նկատելով, որ մինչեւ ապրիլի 20-ը Երեւանը համարվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Հանրապետական Կարեն Ավագյանը քննադատեց ընդդիմությանը՝ նշելով, թե Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները նախաձեռնողներն արհեստականորեն փորձում են ապակայունացնել վիճակը: «Հայաստանի հասարակությունը հացադուլներով ու հանրահավաքներով չես զարմացնի», — ասաց Ավագյանը:

Նա խոսեց, իր պատկերացմամբ, վերջին օրերի «թոփ թեն» իրադարձությունների մասին, չգիտես ինչու՝ նշելով միայն երկուսը (Top Ten – անգլերեն՝ լավագույն տասնյակ): Ըստ նրա, «թոփ թենում» ընդգրկված են Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսը «քաղաքական անկեղծության դրսեւորում էր, իսկ անկեղծ կարող է լինել ուժեղ մարդը»: 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Սվիդլեր՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Րաֆֆին Սերժին առաջարկե՞լ է միասնական ցուցակով մասնակցեն ԱԺ ընտրություններին’