‘Բնապահպան. Սևանա լիճը հայտնվել է էկոլոգիական խնդիրների ճիրաններում’

962

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Սևան ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, լճի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել: Նա, մասնավորապես, ուշադրությունը հրավիրել է Սևանից ջրի բացթողումների առավելագույն չափաքանակը 5 տարի ժամկետով 70 մլն խմ-ով ավելացնելու որոշման վրա: Նրա խոսքով, այդ որոշումը լճի շահերից չի բխում, քանի որ մի քանի տարով կկանգնեցնի ջրի մակարդակի բարձրացման գործընթացը, ինչի հետևանքով Սևանը կբախվի այնպիսի գործընթացների հետ, ինչպես էվտրոֆիկացիան և ճահճացումը:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակին է հանգեցրել բազմաթիվ ձկնային տնտեսությունների գործունեությունը, որոնք Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերն օգտագործել են անսահմանափակ ծավալներով: Այդ պատճառով ավելի նպատակահարմար կլիներ ուշադրությունը սևեռել ապօրինի արտեզյան հորերի փակման վրա, քան էկոլոգիական սպառնալիքի առջև կանգնեցնել Սևանը:

Սուխուդյանը ևս մեկ լուրջ խնդիր է համարել  180 մլն դոլարով «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ն ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությանը վաճառելը: Նա կասկած է հայտնել այն առնչությամբ, թե արդյոք ամերիկյան կողմը տեղեկացվել է Սպանդարյանի ջրամբարի կարիքների համար 160 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտության մասին: Ըստ էության, Որոտան գետի ջրերը պետք է հոսեն Սպանդարյանի ջրամբար, իսկ այնտեղից`Կեչուտով Սևան: Նրա խոսքով, միանգամայն հնարավոր է, որ այդ քայլերը չիրականացվեն, քանի որ այդ դեպքում Որոտանի կասկադի ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի համախառն արտադրությունն անկում կապրի 25%-ով:

Սուխուդյանը համակարծիք է նաև իր գործընկերների մտավախությանը, որ ևս մեկ ծրագիր`այս անգամ  Սևանում խոշոր ձկնային տնտեսության ստեղծումը, լուրջ վնաս կհասցնի լճին: Իրավիճակը վատթարացնում է լիճ թափվող գետերի աղտոտվածությունը: Այս հարցոմ Սուխուդյանը պատասխանատվությունը դրել է գետի հարակից գյուղական համայնքների վրա, որոնք աղբանոցի են վերածել ջրային աղբյուրները: «Աշխարհի մի շարք երկրներում ջուրը նավթից ավելի մեծ արժեք ունի, սակայն Հայաստանը շարունակում է անփույթ վերաբերմունք դրսևորել իր ջրային ռեսուրսների նկատմամբ»,- նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կժամանի Մաքսային միության ճարտարապետներից մեկը — «Ժողովուրդ»’