‘Բուլղարիա. Այն մասին, թե ինչպես մալթացիներից վաստակած 6 միավորը կարող է ԱԱ ուղեգիր պարգևել’

1332

«Հանրապետական» մարզադաշտից նույնիսկ մեկ միավոր վաստակելը միջին, նունիսկ միջինից էլ ցածր հավաքականին կարող է մոտեցնել հաջորդ տարի Բրազիլիայում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը: Անդրադառնանք բուլղարացիների ֆուտբոլային պատմությանը և փորձենք պարզել, թե ինչ վիճակում է նրանց ազգային հավաքականն այժմ:

Համարվում է, որ բուլղարական ֆուտբոլը ունեցել է երկու «ոսկե շրջան», որոնք միևնույն է, մեծ հաշվով չկարողացան բարձրացնել երկրում ֆուտբոլի որակն ու հաջողությունները դարձնել շարունակական:

Առաջինը 60-ականներին էր, երբ Ասպարուխովի, Բոնևի, Յակիմովի և Դիմիտար Պենևի սերունդը կարողացավ երեք անգամ անընդմեջ որակավորվել ԱԱ, բայց երեք դեպքում էլ բուլղարացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլը: Չորորդ անգամ բուլղարացիները ԱԱ ուղևորվեցին 1994-ին: Հավաքականը գլխավորում էր արդեն վերը հիշատակված Դիմիտար Պենևը, ով հանդիսանում է ներկայիս հավաքականի գլխավոր մարզչի Լյուբոսլավ Պենևի հորեղբայրը, իսկ հավաքականի կազմում էին Իվանովը, Բալակովը, Լեչկովը և իհարկե` Ստոիչկովը, ով 94-ին անցկացրեց իր փայլուն կարիերայի լավագույն տարին և արժանացավ «Ոսկե գնդակի»: Պենևն իր զարմիկին չկարողացավ ընդգրկել ԱԱ ուղևորվողների կազմ, վերջինիս առողջական խնդիրների պատճառով: Բուլղարացիները հայտնվեցին Նիգերիայի, Արգենտինայի և Հունաստաի հետ միևնույն խմբում: ԱՄՆ-ում խայտառակ մեկնարկից հետո (3-0 պարտություն Նիգերիայից) նրանք կարողացան հաղթել Հունաստանին, իսկ վերջին տուրում օգտվեցին Մարադոնայի թմրանյութերի հետ կապված սկանդալից շոկային վիճակում հայտնված արգենտինացիների անկումից և դուրս եկան «փլեյ-օֆֆ»: 1/8-րդ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթահարեցին մեքսիկացիներին: 1/4-րդում  էլ Լեչկովն ու Ստոիչկովը երկու րոպեների ընթացքում իրենց գոլերով, հաղթանակ պարգևեցին իրենց ազգային հավաքականին, այդ պահի աշխարհի չեմպիոնների՝ գերմանացիների դեմ խաղում: Կիսաեզրափակիչ ՝ որտեղ նրանց հեքիաթն ընդհատեց Բաջիոյի Իտալիան: 

1998-ին 32-ամյա Ստոիչկովն ու մնացած ծերացած աստղերը կարողացան Ֆրանսիայի ուղեգիր ձեռք բերել, բայց նրանք ոչ թե հիշվեցին իրենց խաղով, այլ Ստոիչկովի հակամադրիդիստական դրսևորումներով: Բարսայի հարձակվողը իսպանացիների դեմ խաղից առաջ հյուրանոցի իր համարից կախել էր կատալոնացի անջատողականների դրոշն ու վիրավորական արտահայտություններ արել «սերուցքայինների» հասցեին: Իսպանացիներին նրանք զիջեցին 1-6 հաշվով , և բուլղարացիները վերադարձան իրենց սովորական՝ միջին հավաքականի կարգավիճակին:

1998-ի ձախողումից հետո մինչ օրս բուլղարական ֆուտբոլում հայտնվեցին այնպիսի առաջնակարգ խաղացողներ՝ Մարտին Պետրով, Դիմիտար Բերբատով, Ստիլյան Պերտով, Վալերի Բոժինով, որոնց կարգին մոտ ֆուտբոլիստներ ներկայիս հավաքականի կազմում չկան: Եվրո 2012-ի ընտրական փուլի կատարյալ ձախողումից հետո, հավաքականը գլխավորեց Լովեչի «Լիտեքսին» չեմպիոնության հասցրած Պենևը: Իրենք` բուլղարացիները համարում են, որ հենց Պենևն է հավաքականի ներկայիս հաջողությունների գլխավոր պատճառը: Հայրենիքում համարում են, որ Պենևը առաջին հերթին կարողացավ մտցնել անհարժեշտ կարգապահություն և կարողացավ յուրաքանչյուր խաղացողից «քամել» առավելագույնը: Բայց այն ֆուտբոլասերները, ովքեր բացի մերոնց դեմ խաղից, դիտել են Պենևի սաների այլ խաղեր, կարող են ասել, որ բուլղարացիները ֆուտբոլային առումով քիչ են առաջադիմել: Այո, նրանք կարողանում են «փակվել», կարողանում են սադրել և կարողանում են ոչ վատ հակագրոհել, բայց ոչ ավելին:

Եթե հաշվի չառնենք մալթացիների դեմ խաղերը, բացի իտալացիների դեմ առաջին խաղից, բուլղարացիները բոլոր խաղերում էլ խաղային առումով զիջել են իրենց մրցակիցներին: Որակական առումով վաղը նրանց կդիմակայեն մի քանի անգամ ավելի բարձր կարգ ունեցող խաղացողներ: «Հանրապետականում» խաղից հետո էլ նրանց սպասում է ոչ պակաս դժվար խաղ չեխերի դեմ: Այսպիսով բուլղարացիների վեցերորդ «Մունդիալի» մասին երազանքները կարող են ձախողվել անգամ մինչև անցումային խաղերը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Չեխիայի նախագահի դստերը տեսել են պոռնո երեկույթում ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի արտգործնախարարը Կիևում կբարձրացնի Տիմոշենկոյի ազատման հարցը’