‘Բրազիլիայի գլխավոր դատախազը նախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացնում’

1837

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին բռնել են կաշառակերության մեջ: Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն գործող նախագահին մեղադրանք ներկայացնելու թույլտվություն է խնդրել Գերագույն դատարանից:

Դատախազը կասկածում է, որ Տեմերը գումար է ստացել մսի վերամշակման խոշոր ձեռնարկությունից, որը կոռուպցիոն սկանդալի մասնակից է: Դիմումում նշվում է, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախագահը «միտումնավոր կերպով և իր նախկին խորհրդական Ռոդրիգու Ռոշու Լոուրենսի միջնորդությամբ անձնական շահի ակնկալիքով ապօրինաբար ստացել է 500 հազար ռեալ (152 հազար դոլար), որ տրամադրել է J&F Investimentos S.A. ընկերության տնօրենը»: Այդ ընկերությունը աշխարհում մսի արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունն է:

Բրազիլական օրենսդրության համաձայն՝ Գերագույն դատարանի դատավորը պետք է որոշի՝  կարո՞ղ է գործն ուղարկվել երկրի խորհրդարանի ստորին պալատ: Իսկ խորհրդարանը քվեարկությամբ  կորոշի՝թույլ տա՞լ դատավարություն սկսել պետության ղեկավարի դեմ: Եթե թույլտվության օգտին քվեարկի պալատի երկու երրորդը, ապա նախագահը 180 օրով կհեռացվի պաշտոնից, քանի դեռ դատավարությունն ընթանում է:  Եվ եթե այդ ընթացքում Տեմերը մեղավոր ճանաչվի, նա պաշտոնանկ կարվի:

Պետության ղեկավարի պարտականությունները 180 օրերի ընթացքում կկատարի ստորին պալատի խոսնակ Ռոդրիգո Մայան, որը Տեմերի դաշնակիցն է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Նավալնին կրկին համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցացակում է’
Հաջորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից. Ա1+’