‘Բրիտանիայում 50 դպրոցներ կասկածվում են ծայրահեղականության քարոզի մեջ’

954

Միացյալ Թագավորության 50 դպրոցներում հետաքննություն է սկսվել հակաբրիտանական արժեքների հնարավոր քարոզչության փաստով, հաղորդել է The Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծայրահեղականների կողմից հիմնված ուսումնական հաստատություններ կան ամբողջ երկրում, այդ թվում՝ Լութոնում, Բիրմինգհեմում և Լոնդոնում: Խոսքը մասնավոր դպրոցների մասին է, որտեղ ուսուցումը կատարվում է  պետական չափորոշիչների հետ չհամընկնող այլընտրանքային ծրագրերով: Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հղում անելով բրիտանական իշխանությունների ներկայացուցիչներին, տան պայմաններում սովորող երեխաները կարող են ենթարկվել արմատականացման: Ամենաշատը ռիսկային խմբում են այն դպրոցականները, ովքեր ծնունդով Սոմալիից, Բենգալիայից և Պակիստանից են:

Այս տարի Լոնդոնի Թաուեր-Համլեթս թաղամասում փակվել է Sideeq ակադեմիան, քանի որ պարզվել է, որ նրա ղեկավար, իսլամիստ Միզանուր Ռահմանը դատապարտվել է ծայրահեղական գործունեության համար: Ռահմանը հայտարարել է, որ 2014 թ. վերջին Պակիստանում 130 ուսանողների սպանած թալիբներին «անարդարացիորեն են ներկայացնում որպես հրեշներ»:

Շատ ծրագրեր, որոնք հակաբրիտանական արժեքներ են քարոզում, ստեղծել է մի ուսուցիչ, որը կապ է ունեցել, այսպես կոչված՝ «Տրոյական ձի» գործողության հետ, ըստ որի՝ արմատական մուսուլմանները պետք է թափանցեին Բիրմինգհեմի դպրոցների ղեկավար կազմի մեջ, և այդ դպրոցներում պետք է տեղի ունենար տնօրենների աստիճանական փոփոխություն, ու ոչ մուսուլման ընտանիքների երեխաների նկատմամբ խտրականություն պետք է կիրառվեր: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Hurriyet Daily News. Անկարան մի շարք հայկական եկեղեցիներ կվերականգնի՝ ի պատասխան քննադատության’
Հաջորդ հոդվածը‘Զաուր Դադաևին ձերբակալել են թմրանյութերի պատճառով’