‘Բրիտանիա. Խորհրդարանը քվեարկել է ԵՄ-ի անդամության վերաբերյալ հանրաքվեի օգտին’

1027

Երեքշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետ Դևիդ Քեմերոնի՝ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը, որի արդյունքներով երկիրը կարող է դուրս գալ ԵՄ-ից:

Հանրաքվե անցկացնելու օգտին քվեարկել են թե՛ իշխող Պահպանողական և թե՛ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունները: Միակ քաղաքական ուժը, որը «դեմ» է քվեարկել, Շոտլանդական ազգային կուսակցությունն է, որը հանդես է գալիս ի պաշտպանություն ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման:

Չնայած իր իսկ նախաձենությանը՝ Դևիդ Քեմերոնը դեմ է ԵՄ-ից դուրս գալուն, սակայն հույս ունի այդ կերպ հասնել բարեփոխումների Եվրամիությունում և Մեծ Բրիտանիային վերադարձնել իշխանական մի քանի լիազորություններ, որոնք նախկինում հանձնվել են ԵՄ-ին: Թեպետ՝ եթե գործընկերները զիջումների չգնան, ապա վարչապետը պատրաստ է պաշտպանել ԵՄ-ից Թագավորության դուրս գալու գաղափարը:

Հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչև 2017 թ. վերջը, սակայն բրիտանական մի շարք լրատվամիջոցներ կարծիք են հայտնել, թե քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն գալիք տարի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեխ արդյունաբերական ընկերությունների կոչը ԱՄՆ-ին. խուսափել կոդավորման թուլացմանը նպաստող քաղաքականությունից’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. ՀՅԴ-ի տարիքը ՀՀԿ-ի այցեքարտը չէ, պարոնա՛յք’