‘Բրյուսել. Տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են’

1312

Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով տուժած տասնյակ մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է, հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դը Բլոկը:

Վերջին տվյալներով՝ Բրյուսելում մարտի 22-ին որոտացած երեք պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել  մոտավորապես 300 հոգի:

Տուժածների թվում 40 պետությունների քաղաքացիներ են: Բելգիայի տարբեր քաղաքների հիվանդանոցներում է դեռ գտնվում 150 մարդ, նրանցից 61-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը կոմայի մեջ են, և մինչև հիմա նրանց ինքնությունը չի պարզվել:

Տուժածներից շատերն ստացել են այնպիսի այրվածքներ, որոնք բնորոշ են ռազմական գործողությունների մասնակիցներին: Առողջապահության նախարարի կարծիքով՝ զոհերի թիվն առաջիկա օրերին կարող է աճել:

Բելգիայի դատախազության կարծիքով՝ ահաբեկչական գործողություններն իրականացրել է չորս հոգի, որոնցից մեկը դեռ ողջ է և փախուստի մեջ է: Դատախազությանը հաջողվել է ԴՆԹ-ի միջոցով պարզել չորսից երկուսի ինքնությունը՝ Բրահիմ և Հալիդ Բակրաուի եղբայրներ: Երկուսն էլ հայտնի են եղել ոստիկանությանը և քրեական անցյալ են ունեցել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԸՕ-ի վերաբերալ ՀԿ-ների եւ կուսակցությունների առաջնային միասնական պահանջները’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Բրյուսելի ահաբեկչության մասնակիցներից մեկն արտաքսվել է Թուրքիայից’