‘Գագիկ Ծառուկյան. Ինձ Երևանի կենտրոնում փուչիկ բռնող ջահելներ պետք չեն’

2172

«Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում», — ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս: «Մի օր տաքսիստները, մի օր ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի օր երիտասարդները:

Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու դուք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք: Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է»,- ըստ 7or.am-ի ասել է Գագիկ Ծառուկյանը:

Շոշափվել են նաև երիտասարդությանը վերաբերող խնդիրները:

Դիմելով ԲՀԿ երիտթևի ղեկավարին Գ. Ծառուկյանն ասել է. «Ինձ Երևանի կենտրոնում փուչիկ բռնող ջահելներ պետք չեն: Կարող եք հավաքել երիտասարդներին գնալ սահմանամերձ գյուղեր` մարդկանց օգնելու: Հայաստանը սկսվում է սահմանամերձ հեռավոր գյուղերից: Նրանք են հայրենիք պահողը: Ես տրամադրում եմ բոլոր միջոցները` գնացեք օգնեք, գործ արեք»:

Գ. Ծառուկյանն ասել է, որ հիմնադրամից կտրամադրվեն միջոցներ` երիտասարդների համար դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար: «Մրցույթներին ես չեմ խառնվելու, ոչ ոք չի խառնվելու: Անում եք լրիվ արդար: Մի հատ ծանոթ, բարեկամ նկատեցի` բոլորդ հեռացվելու եք: Ինձ համար կապ չունի նաև կուսակցական պատկանելիությունը»,- նշել է Ծառուկյանը:

 

Նախորդ հոդվածը‘Պարգեւ Օհանյանը՝ հեռուստադատարանի «նախագահ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ խմբակցությունները ողջունել են Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը’