‘Գագիկ Ջհանգիրյան. Չինովնիկները պետբյուջեում փայ են մտնում ‘

451

ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վերահսկիչ պալատի արդեն երկրորդ հաշվետվությունն է քննարկում։ Մինչ ներկայացված փաստաթղթի բովանդակային կողմին անդրադառնալը հարկ եմ համարում արձանագրել․

ա)ՀՀ վերահսկիչ պալատը ամբողջությամբ կառավարող կոալիցիայի կողմից ձևավորված պետական մարմին է։ ԱԺ-ի մեծամասնությունը §ՀՀ նախագահի առաջադրմամբ¦ ընտրում է ոչ միայն Վերահսկիչ պալատի նախագահին այլև հաստատում է նրա տարեկան գործունեության ծրագրերը։

բ)Ուստի վերահսկիչ պալատի ոլորտային ուսումնասիրությունների ու տարեկան հաշվետվությունների ամփոփագրերում չարաշահումների արձանագրված փաստերը ու դրանց տրված գնահատականները․§որքան էլ մեղմ ու չափավոր¦ կարելի է դիտարկել որպես կառավարող քաղաքական կոալիցիայի կողմից կատարված բացահայտումներ և տրված գնահատականներ։

գ)ՀՀ ԱԺ-ը ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ-ի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով ոչ միայն ինքն է իրավասու մշտական ու ժամանակավոր ձևավորվող մարմինների միջոցով վերահսկել կառավարության ծրագրերի, բյուջեի կատարման,պետական միջոցների արդյունավետ ծախսման գործընթացը, այլև հանձինս Վերահսկիչ պալատի Սահմանադրական լծակ ու հնարավորություն է ստացել այդ վերահսկողությունը ավելի գործնական ու առարկայական դարձնելու։

դ)Թեև ԱԺ –ը, թե ՀՀ Սահմանադրությամբ, թե §ԱԺ կանոնակարգ օրենքով¦կարծես թե ձևականորեն սահմանափակված է Վերահսկիչ պալատի հաշվետվությունների լոկ քննարկմամբ, բայց անհրաժեշտության դեպքում ունի Սահմանադրական ու օրենսդրական բավարար հնարավորություններ հաշվետվություններում վկայակոչված խախտումների ու չարաշահումների փաստերի հետագա ուսումնասիրությունը շարունակել օրենսդիր մարմնի այլ գործիքակազմով։

ե)Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացված հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության հետ ունեցած նրա հանդիպումը մեզ բերել է մի եզրակացության, որ պետական բյուջեից կատարվող հափշտակությունների, բացահայտումների ու վատնումների տարեցտարի արձանագրվող ահռելի չափերը, պետական բյուջեի ծախսման ոլորտում չշտկվող բարձիթողի վիճակը Վերահսկիչ պալատին կարծես պարտադրում է ստուգման ու ուսումնասիրման մեթոդներից առավել հաճախ անցնել երկարաժամկետ ծրագրերի ամենօրյա վերահսկողության, մոնիթորինգի, ինչով ավելի ու ավելի հաճախ է փաստորեն փոխարինում պետական կառավարման լիազոր մարմիններին, նրանց տեսչություններին, զանազանԾԻԳ-երի,ՊՈԱԿ-ների, հիմնադրամներիևայլն։

զ)ԱԺ-ի քննարկմանը ներկայացված Վերահսկիչ պալատի ինտերնետային կայքում տեղադրված առանձին ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների ամփոփագրերն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների, վատնումների, յուրացումների մասին առնվազն հանցագործությունների մասին հաղորդումներ են, թե չասենք պատրաստի մեղադրական եզրակացությունների նախագծեր։ Յուրաքանչյուր տարի հարյուրավոր պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ ոլորտները §սեփականաշնորհած¦ՍՊԸ-ներ ու կապալառուներ պետբյուջեում փայ են մտնում։ Ամեն անգամ մեզ մնում է զարմանալ ու զայրանալ, թե պետբյուջեի ինքնակոչ համասեփականատերերը ինչքան կխժռեն կամ պետական միջոցների յուրացման ինչ նորարարական առաջարկներով դրսեորվեցին։ Դրանով էլ սովորաբար մեր քննարկումները ավարտվում են։ Ավելին Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններում արձանագրված յուրացումների, վատնումների այլ հափշտակությունների ահռելի չափաբաժինները որևէ ազդեցություն չեն ունենում, ոչ նոր բյուջեի կազմանն, ոչ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատաման ժամանակ, կարծես թե այդպես էլ պետք էլ ինի:

 է) Ինձ առանձնապես անհանգստացնողը այն է,որ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների  ու ստուգումների ընթացքում այս կամ այն ոլորտում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները,ոչ թե առանձին դեպքեր,էպիզոդներ են,այլ ինչպես նշված է այդ հաշվետվություններում( դրանք ընդհանրական են կրում են համակարգային բնույթ):Այս եզրերի կամ սահմանումների օգտագործումը Վերահսկիչ պալատի հաշվետվություններում նշանակում է, որ ուսումնասիրվող ոլորտները ամբողջովին ախտահարված են այդ չարաշահումներով,դրանք տիրապետող են այդ ոլորտներում:

 Այս դահլիճում ցավոք մենք առավել հաճախ ականատես ենք նույն փաստաթղթին,օրենքի նախագծին կամ կառավարության ծրագրին տրվող ծայրահեղ հակասական գնահատականների,քան դիմությանն ու ընդիմությանը ներկայացնող  քաղաքական ուժերի մոտեցումների համընկման դեպքերի:Սակայն կարծում եմ, որ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում(տարեկան) վկայակոչված աղաղակող փաստերը հիմք են տալիս հուսալու,որ քաղաքական որևէ ուժ կամ անհատ պատգամավոր չի կարող այլևս հանդուրժել ՀՀ պետական բյուջեի  բացահայտ հափշտակության, կողոպուտի այս վիճակը:

  Ինձ համարայդպես էլ անհասկանալի ու անընդունելի է մնում մեր իրավապահ մարմինների տնտեսական հանցագործությունների դեմ օպերատիվ ու հետախուզական միջոցներով պայքարի կոչված մասնագիտացված կառույցների,ՀՔԾ-ի,ՀՀ գլխավոր դատախազության ես կասեի իներտ կամ անտարբեր վերաբերմունքը:Բոլորովին զարմանալի չէ,որ Վերահսկիչ պալատի նախագահը մեր խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս,խոստովանեց,որ վերջին երկու տարիներին պալատի ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլևս չի ուղարկում,որովհետև հիասթափված է այդ մարմնի վերաբերմունքից:Բայց անկախ այն հանգամանքից այդ հաշվետվությունները ուղարկում են իրավապահ մարմիններին, թե ոչ, քանի որ տեղադրված է պալատի ինտերնետային կայքում, ուստի իրավապահ մարմինները չեն կարող դրանք անտեսել,պատճառաբանել, թե չեն ստացել:

ՀՀ ԱԺ-ը  ժամանակն է որ նախաձեռնի և գործադրի Սահամանադրությամբ ու կանոնակարգով իրեն ընձեռած բոլոր հնարավորությունները,բյուջեի անհագուրդ մսխման արդեն ավանդույթ դարձած պրոցեսը արմատախիլ անելու նպատակով:

  Որպես առաջին քայլ ԱԺ-ի ղեկավարությանը առաջարկում եմ լսումներ կազմակերպել,հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների դրանց մասնագիտացված կառույցների պետերի,լսումների միջոցով փորձել պարզել, թե ինչ միջոցներ են ձեռնարկում պետությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասը վերականգնելու,մեղավորներին քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

  Եթե մեզ համոզեցին,որ ամեն ինչ կարգին է ուղղակի ԱԺ-ը տեղեկացված չէ կբավարարվենք լսումներով,եթե ոչ կարծում եմ, վիճակը ավելի խորը ուսումնասիրելու և ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար կարիք կլինի ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու»:

Նախորդ հոդվածը‘Դիլիջան միջազգային դպրոց. Փողերի լվացման միջո՞ց, թե զարգացման ծրագիր ‘
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է գարնանային զորակոչը (ֆոտոշարք)’