‘Գազի գինը Տիգրան Մուկուչյանն է հաշվարկե՞լ. Օգտատերը «ՀայՌուսգազարդի» խոսնակին’

1335

Մայիսի 24-ին «Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիսի է հրավիրել «ՀայՌուսգազարդի» հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանին: Որպես կանոն, ֆեյսբուքահայությունը նախապես հարցերը գրում է նախորոք բացված էջում, եւ հետագայում ստանում է պատասխանները:

Ֆեյսբուքահայությունը ակտիվորեն հարցեր է ուղղում տիկին Սարդարյանին, ակնկալելով պատասխաններ: Հարցերից ակնհայտ է դառնում, որ ժողովրդին հետաքրքրում է, թե ե՞րբ է կնքվել պայմանագիրը, ե՞րբ են կոնկրետ թանկացրել գազը, թե ինչո՞ւ չեն հանրությանը ներկայացնում պայմանագրերի պատճեները եւ այլն: Օգտատերերից մեկն էլ գրել է. «Մենք պատրաստվում ենք ձեզնից վերցնել իրանական գազամուղը, այն մերն է, ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ»:

Իսկ հիմա անցնենք բուն թեմային: Հայերս երբեք չենք կորցրել մեր հումորը, անարդարությունը հեգնելու եւ ծաղրելու հատկությունը: Դրա վառ օրինակները «ՀայՌուսգազարդ»-ի ասուլիսի էջում տեղ գտած գրություններն են, մասնավորապես.

«Տիկին Սարդարյան, Սերժ Սարգսյանի տան գազը նույնպես թանկանալու է՞»:

«Հարգելի Շուշան Սարդարյան, գազով լիմոնադներն է՞լ են թանկանալու»:

«Ի՞նչ եք կարծում, Հայաստանում պատժիչ գազախցիկներ բացելը թա՞նկ կնստի»:

«Բոլորս գիտենք, որ դուք լավ գազ եք տալիս, բա տոռմուզ տալու մասին մտածե՞լ եք, թե՞ թողել եք տոռմուզի գործը քաղաքացիներին»:

«Մտածե՞լ եք գազի թանկացումից հետո նոր գործ սկսել, ասենք՝ փայտի վառարանների ներմուծում»:

«Դուք թանը գազո՞վ եք սիրում թե առանց գազ»:

«Մուկուչյանն էր զանգել, խորհուրդ չի տալիս մասնակցել»:

«Տիկին Սարդարյան, գազի գինը Տիգրան Մուկուչյանն է հաշվարկե՞լ: Այդ մարդը հաշվել չգիտի, մի հատ նորից հաշվեք»:

Այս ամբողջ ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը անընդհատ հորդորում էր էջի անդամներին, որպեսզի միայն հարցեր գրեն, եւ հումորային հարցեր չգրեն: Դե ինչ՝ սպասենք եւ տեսնենք, թե ո՞ր հարցերին կպատասխանի տիկին Սարդարյանը: Էջի մասնակիցներից մեկը գրել էր. «Բազմաթիվ ընտանիքներ չեն վճարելու գազի դիմաց, ի՞նչ եք մտածում», եթե այս հարցին պատասխանեն, որ տվյալ քաղաքացիներին զրկելու են գազամատակարարումից, ոչ ոք չի զարմանա:

asparez.am-ի հրապարակման հիման վրա:

Նախորդ հոդվածը‘«ԵՎրատեսիլ-2013»-ում Դանիայի եւ Ադրբեջանի մասնակիցնրը կարող են որակազրկվել’
Հաջորդ հոդվածը‘Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, վարկերը կսառեցվի’