‘Գալիս եմ, էրեխուս տամ Սեյրանին. զոհված զինվորի հայր (թարմացված)’

3445

Օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է, ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։

Զրույցում զոհված զինծառայողի հարազատները, մասնավորապես, նշեցին, որ իրենց զայրույթի առիթն այն է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց որդին նշված միջադեպում մեղք չի ունեցել։ 

Նրանք արդեն դուրս են եկել Մարտունուց և շարժվում են դեպի Երևան։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում՝ մայիսի 15-ին: Ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր: 

Դավիթ Խաչատրյանի կրակոցներից ծանր վիրավորվել էր նաև ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երևանի զինվորական հոսպիտալ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել էր քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 11:26

Գալիս եմ, էրեխուս տամ Սեյրանին. զոհված զինվորի հայր 

Զրույցում զոհվածի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանն ասաց. «Գանք, Սեյրան Օհանյանին տանք մեր էրեխուն, ես էլ գնալու եմ հանձնվեմ Ադրբեջանին»:

Զոհվածի հայրն ասաց, որ իր այդ քայլի նպատակը որդու սպանության բացահայտումն է:
«Ես ոչ մի տեղեկություն չունեմ իմ էրեխու հետ ինչ ա պատահել, ոչ մեկը չի ասում, ինձ շատ տարբեր բաներ են ասում, «չաստում» ինձ մի բան են պատմել, Ճանապարհին ՝ ուրիշ բան, գյուղում՝ ուրիշ բան»,- ասաց Աշխարհիկ Ստեփանյանը, ով մեզ հետ զրույցի պահին Սևան տանող ճանապարհին էր:

Ի պատասխան հարցի, թե չե՞ն փորձում իրեն խոչընդոտել, Աշխարհիկ Ստեփանյանն ասաց, որ գյուղից դուրս գալուց հետո փորձել են կանգնեցնել:
«Կանգնացրեցին, ես չկայնա, հայհոյեց մի պահ ոնց որ, ես անցա»,- ասաց զոհվածի հայրը:
Նա նաև ավելացրեց, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանության պետը կամ տեղակալը (հայրը շատ հուզված էր խոսում և բառերը որոշ պահերի հստակ չէին լսվում ) փորձել է իրեն հետ կանգնացնել այդ քայլից:

«Ինքը գնում գալիս էր, ես իրան շատ լավ ընդունեցի իմ տան մեջը, բայց, ինձ ոչ ոք չի կարող հետ պահել, ցավդ տանեմ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով, կրակել են Լյուքս Ստեփանյանի ծոծրակին և գնդակը դուրս է եկել դեմքից:

Tert.am

Նախորդ հոդվածը‘Սպառողներն են 220 միլիոն դոլարով ֆինանսավորել Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչությունը’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Սա իմ կարիերայի վատագույն տարին էր’