‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, իսկ գյուղերում ժողովուրդը պահպանողական է’

1979

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, ոչ թե հեղափոխական, իսկ գյուղերում ժողովուրդը պահպանողական է

iLur.am-ին ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Պարոն Սահակյան, Հայաստանի խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Սիսիան, Աշտարակ եւ այլն, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում պարտություն է կրել անգամ պաշտոնական տվյալներով: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հանգամանքը:

— Չի կարելի ազգը մասնատել վարչական տարածքների եւ ասել, թե Սերժ Սարգսյանը պարտություն կրեց: Սերժ Սարգսյանը հաղթանակած եւ ընտրված նախագահ է: Ինչ վերաբերում է ձեր ասածներին, կարծում եմ՝ այդ քննարկումներն այսօրվա խնդիր չեն: Այնուամենայնիվ, ասեմ հետեւյալը՝ աշխարհում ձեւավորված մոդելի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն են նպաստում համապետական ընտրություններին: Ու եթե ընտրություններում ձայների կորուստ ես ունենում, քաղաքապետերը, գյուղապետերը պետք է հասկանան, որ ինչ-որ մի բան պակաս է եղել, խնդիրներ են եղել, որոնք չեն լուծվել: Բայց մյուս կողմից՝ ես դեմ եմ համատարած հրաժարականներ տալուն: Դա էլ մեզ չի օգնում: Մենք գնում ենք երկիրը կայունացնելու ճանապարհով, իսկ առկա խնդիրները, որոնց մասին այսօր վանկարկում են հրապարակում հավաքված մարդիկ, մեզ համար նորություն չեն: Մենք լուծման ծրագրեր ենք առաջարկել, եւ անհրաժեշտ է, որ բոլորն աջակցեն:

Սերժ Սարգսյանը պարտություն է կրել նաեւ Երեւանի տարբեր համայնքներում, օրինակ՝ Ավանում, որը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի թաղամասը:

-Չեմ ուզում խցկվել այդ վերլուծությունների մեջ, Երեւանը մի քիչ այլ է. Այստեղ, պետք է ասել, որ նախորդ ընտրություններում 10 տոկոս ավելի ձայն ենք հավաքել, քան այս անգամ: Կարծում եմ, որ դա պայանավորված էր նաեւ աշխատանքային PR-ով: Նկատելի է, որ մենք որեւէ քաղաքական ուժի հետ ոչ քաղաքական, ոչ տեսական, ոչ պրակտիկ պայքարի մեջ չենք մտել: Այն տեսություններն ու մեկնությունները, որ ընդդիմադիր կամ այլ թեկնածուներն էին ասում, մեր կողմից ոչ վերլուծվեց, ոչ հակադարձվեց: Դրա միակ նպատակն էր, որ առանց մեծ լարվածության ընտրություններ անցկացնենք: Ու մենք շահել ենք այդտեղ: Ազատ թողնելով դաշտը՝ քաղաքական պայքարի դուրս չենք եկել, այլ ընդամենը ներկայացրել ենք մեզ, մեր ծրագրերը: Հակառակ դեպքում՝ մենք երեւի մեր ունեցածից 10 տոկոս ավելին կստանայինք:

-Հնարավո՞ր է՝ Ավանում գրանցված ցուցանիշների պատճառով Տարոն Մարգարյանն այլեւս չլինի Երեւանի քաղաքապետը, մանավանդ որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են:

-Չեմ ուզում մեր գործողությունները այդ պատճառահետեւանքային կապի մեջ տեսնել: Մենք արել ենք այն, ինչ որդեգրված է եղել: Ես չեմ կարծում, որ Տարոն Մարգարյանը գնացել էր այդ ընտրություններին միջամտելու, որ հիմա էլ մեղադրանքներ ներկայացնենք: Կատարվածը կարող է եւ իշխանության ներսում, եւ դրսում ընդամենը խոսակցությունների տեղիք տալ, բայց՝ ցանկությունների մակարդակով:

Ի դեպ, Աջափնյակ համայնքում էլ, որտեղ դուք եք բնակվում, Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Փաստորեն, լավ չե՞ք «աշխատել»:

— Չի կարելի ասել, որ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Սերժ Սարգսյանի որդեգրած մոդելը վերջին հաշվով հաղթանակել է: Իսկ Աջափնյակում ես ակտիվ գործողություն չէի կարող ունենալ ժամանակի պատճառով: Աջափնյակն այն համայնքն է, որտեղ 1999-ից սկսած՝ տարիներ շարունակ պայքարում է քո թիմի ենթադրյալ ուժերի դեմ, միաժամանակ՝ նաեւ մրցակիցների դեմ: Բայց այս ամենը, չեմ կարծում, որ մեծ խնդիր է: Նաեւ Աջափնյակի եւ Ավանի հետ կապված ասեմ, որ Ժառանգություն կուսակցության մի քանի գործիչները բնակվում են հենց այդ համայնքներում: Մենք այստեղ կորուստներ չենք ունեցել եւ կարողացել ենք մեր խնդիրները լիարժեք իրականացնել: Իհարկե, մենք կարող էինք անել ավելին: Բայց այդ ավելիի խնդիրը տեսնում էինք, որ հանկարծ ենթատեքստում չառաջանա վիճարկելի մի բան, որը կխանգարի ընդհանուր գործին:

-Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի «հաղթանակը» ապահովել են գյուղական համայնքների հաշվին, որտեղ տեղի իշխանությունները կարողացել են վերահսկել քվեարկության ընթացքը:

-ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, ոչ թե հեղափոխական: Իսկ գյուղերում ժողովուրդը պահպանողական է:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի դեսպան. Ապացուցիր, որ ինչ-որ բան սխալ է, կամ համակերպվիր իրավիճակին’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգություն». ՍԴ դիմելու վերջնական որոշում չկա’