‘Գալուստ Սահակյան. Որևէ մեկն իրավունք չունի քիթը կոխել մյուսի մասնավոր սեփականության մեջ ‘

5493

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

— Հայ ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի 6 մլն դոլարի ունեցվածքի ծագումնաբանությունը: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

— Իրենք  վերջին ակորդն են ապրում, մանավանդ՝ Երևանի ավագանու ընտրություններին ակցիա են անում: Անհեթեթություն ենք համարում:

— Այնուամենայնիվ, որտեղի՞ց քաղաքապետ Տարոն Մարգարյանին այդքան ունեցվածք:

— Այդ հարցը կարելի է քաղաքապետին հարցնել, մանավանդ, որ նա հայտարարագրել է  ունեցվածքը: Ես վստահ եմ, որ այդ ունեցվածքը որևէ օրինախախտումով ձեռք չի բերվել: Եթե մենք այդ ճանապարհով ենք գնալու, պետք է համակարգային փոփոխություններ կատարել: Ովքեր կարողանում են ներդրումներ կատարել ու բիզնեսի մեջ հաջողություններ ունենալ, պետք է մամուլն ու իշխանություններն այդ դաշտը ստեղծեն, որպեսզի ժողովրդի մեջ սրբագործվեն: Երկրում տնտեսության զարգացումը կապված է ցանկացած մարդու ներդրումներից: Այն մարդը, ով զբաղվում է նման գործունեությամբ, հզորացնում է պետությունը: Իսկ անձամբ Տարոն Մարգարյանը հնարավոր բաժնետեր կարող է համարվել, բայց բիզնեսի կառավարիչ չէ, ինչը օրենքը թույլատրում է: Օրենքի խախտում կլիներ, եթե նա բիզնեսի կառավարիչ լիներ: Բայց նա բիզնեսի կառավարիչ էլ չի կարող լինել, քանի որ քաղաքապետը դրա ժամանակը չունի:

— Տարոն Մարգարյանը մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել՝ թաղապետ, փոխքաղաքապետ, քաղաքապետ: Երբ նայում ենք նրա ունեցվածքի հայտարարագրերը, տարեցտարի ունեցվածքը ավելացել է, այն էլ՝ հսկայական չափերով: Սա ո՞նց հասկանանք:

— Որևէ մեկն իրավունք չունի մյուսի մասնավոր սեփականության մեջ քիթը կոխել: Եթե հանցակազմ կլինի, դա ուրիշ բան:

— Անգամ պաշտոնյայի ունեցվածքո՞վ էլ չհետաքրքրվեն, թե որտեղից նրան այդքանը:

— Ողջ աշխարհում այդպես է դրվածքը: Ժողովրդավարության մեխը ազատական տնտեսությունն է: Այլ բան է, երբ ինքը կառավարում է բիզնեսը, այլ բան՝ եթե բաժնետեր է ու եկամուտներ ունի:

— Այսինքն՝ հիմա պնդում եք, որ Տ.Մարգարյանն ընդամենը բաժնետե՞ր է:

— Ասում են՝ 60 կրպակ ունի, եթե այդքան կրպակ ունի, պետք է մտածեն, որ ևս 120-130 մարդ աշխատատեղ ունի: Տա աստված, բոլորը կարողանան իրենց բիզնեսի մեջ այնքան ծառայություն ներդնել, որ ոչ թե 60, այլ  1600 կրպակ ունենան: Իսկ ՀԱԿ-ի մտածելակերպը ՀԱԿ-ի բուժուադեմոկրատական հեղափոխության հետ բոլորովին կապ չունի:

— Իսկ նորմա՞լ եք համարում, որ քաղաքապետը բիզնես ունի:

— Ոչ թե նորմալ եմ համարում, այլև կուզեի, որ շատ շատերը բիզնես ունենան՝ անկախ նրանից, թե քաղաքապետ են, պատգամավոր, իշխանություն, թե ընդդիմություն: Իսկ նրանք այդ ինչ մեծ տակառի մոտ են կանգնած, որ այսքան տարի և ապրում են, և ուտում են, և ընտրություններին ծախսում են ու չի վերջանում: Բոլորի ունեցվածքի տեղը մեկ-մեկ գիտենք, բայց գլուխ չենք դնում և չենք ասում, թե որտեղից:

— Իսկ միգուցե այդ ունեցվածքը ձեռք բերելու տակ կոռուպցիոն երևույթնե՞ր կան, դուք բացառո՞ւմ եք կոռուպցիան:

— Մարդկությունը ինչ ստեղծվել է, կոռուպցիոն երևույթներ կան, և միգուցե որևէ բիզնես դրա հետևանք լինի: Բայց դա Տարոն Մարգարյանին վերագրելը նշանակում է վերջին ակորդի տրամաբանությամբ վերջին խռխռոցների ճանապարհով անցնել, ինչը մեզ համար անընդունելի է:

Վերահսկիչ պալատն էլ Երևանի քաղաքապետարանում իր ստուգումների հաշվետվությունն է ներկայացրել, որտեղ չարաշահումներ են բացահայտվել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Իսկ ո՞վ ասաց, որ թերություններ չեն լինում, իսկ ո՞վ ասաց, որ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ մի չինովնիկ կամ գլխավոր մասնագետ կոռուպցիայով չի զբաղվում, կամ իրավական դաշտում չեն զբաղվում: Կոռուպցիոն երևույթներ կան, բայց դրանք խտացնել ու վերագրել մի անձնավորության, որ բոլորովին երիտասարդ հասակում կարողացավ ողջ հանրապետությունում հասկանալի դարձնել, թե ինչ է նշանակում համայնք, կարծում եմ՝ այս պայմաններում գործի վրա կռռալ էլ չէ, այլ խռխռոցնել:

— Հիմա ստացվում է, որ Տարոն Մարգարյանը ամենաազնիվ ու ամենալավ պաշտոնյան է, բոլորը կոռուպցիայի մեջ են թաթախված, բացի իրենի՞ց:

— Ընդդիմադիր դաշտը այսօր ասոցացվում է նախկին չինովնիկների հետ. երբ չինովնիկ էին, տակառներ էին լցնում, երբ թողնում են՝ սրբեր են դառնո՞ւմ: Այդպես չի կարելի մարդուն բնութագրել՝ ամենաազնիվ, ոչ ազնիվ: Մարդուն պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Եթե մարդը անազնվություն է արել, դա ինչ-որ տեղից դուրս կգա, ու պետք է անազնվությունը, կոռուպցիան դատապարտել:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Միքայել Մինասյանի կարողությունը և գեղանկարների հավաքածուն’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ’