‘«Գաղջ-2». Սերժ Սարգսյանը բողոքում է «իր աշխատանքի վրա ցեխ շպրտող» ԶԼՄ-ներից ‘

1636

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է քաղաքաշինության նախարարություն, տեղեկացնում է President.am-ը: Ավանդույթի համաձայն, Սարգսյանն օգտագործել է առիթը եւ խոսել հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, Սարգսյանը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: (Հիշեցնենք, որ Սարգսյանը գնաճը, մասնավորապես, գազի գների աճը բացառում էր նաեւ 2013-ի մարտին):

Սարգսյանը խոսել է նաեւ մամուլի ազատության «կողմնակի հետեւանքներից»:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում՝ առաջ է իր բոլոր հարևաններից: Ըստ այդ զեկույցի, մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ: Որովհետև մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: Մամուլի ազատություն նաև նշանակում է, որ մարդկանց որոշակի խմբեր՝ ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ: Ստացվում է, որ միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին: Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանը երկրում տիրող վիճակի մեջ փորձում է մեղադրել մամուլին: Նույն` 2013-ի մարտին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված ասուլիսում նա հայտարարեց, որ երկրի վիճակի մեջ մեղավոր է «գաղջ մթնելերտը», որը ստեղծում են լրատվամիջոցները:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում կհարգեն Գուրգեն Մարգարյանի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘Գուշակի՛ր, թե որ նախարարությունում է Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)’