‘Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման դեմ ներկայացված բողոքը բավարարվել է’

1596

Սույն թվականի փետրվարի 8-ին քննիչ Լ.Մելքոնյանը  հանրաքվեին առնչվող թիվ 15804115 քրեական գործով որոշում էր կայացրել Վարտգեզ Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն ենթարկելու վերաբերյալ` որպես հիմնավորում նշելով այն, որ 01.02.2016թ. հարցաքննության ժամանակ Վ.Գասպարին հրաժարվել է ցուցմունք տալ և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող հայտնի մարտիմեկյան իրադարձություններին, որոնց ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ինչպես նաև դրանից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի և նրանց հետևորդների նկատմամբ վերջիններիս քաղաքական հայացքների համար և պատճառով իրականացված քրեական հետապնդումներին: Նա պարզաբանել է, որ առանց քննիչի կողմից այդ հավաստիքի չի ճանաչում վերջինիս լեգիտիմությունը, չի հավատում նրա անկողմնակալությանը, անկախությանը և չի ցանկանում ցուցմունք տալ: Քննիչը հատկանշական է համարել նաև այն, որ Գասպարին 2015 թ. դեկտեմբերի 6-ի իրադարձությունների վերաբերյալ որպես վկա ևս հրաժարվել է ցուցմունք տալ և վիրավորական արտահայտություններ է գրել իր մասին: Քննիչը նշել է, որ կան այլ հիմքեր ևս, սակայն այդպես էլ չի հայտնել, թե որոնք են դրանք:

Գասպարիի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազություն բողոք էին ներկայացրել քննիչի որոշման դեմ` նշելով, որ «ցանկացած մեղադրյալ ունի իրավունքներ, այդ թվում՝ ցուցմունք չտալու, ինչի համար բերված պատճառաբանությունները կարող են լինել զանազան, այդ թվում՝ ոչ բոլորի և ոչ բոլոր առողջ կամ բարձր գիտակցությամբ օժտված անձանց համար, հատկապես Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դաջված «մարտիմեկյան» անունը ստացած իրադարձությունների և դրանց հաջորդած քաղաքական այլախոհների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ կայուն և սկզբունքային դիրքորոշումը հոգեկան հիվանդություն գնահատող մեկի համար»: Շարունակելով` փաստաբանները նշել են, որ եթե քննիչը այլ կարծիք ունի մարտիմեկյան իրադարձությունների համար, դրանք համարում է օրինական, իրավական և բնականոն, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ իրադարձությունների վերաբերյալ նման կարծիք չունեցողը պիտի համարվի հոգեկան խանգարում ունեցող. «Թերևս ավելի ակտուալ է այդպիսի տրամաբանություն արտահայտող մեկից նախ պահանջել բժշկական փաստաթղթեր, այնուհետև հոգեբուժական փորձաքննության ուղարկել՝ ակնկալելով, որ վերջինս առաջիկա ամիսներին կհոսպիտալացվի: Իհարկե դրանից հետո կբարձրանա նաև այդպիսի մեկին չափազանց կարևոր և պատասխանատու պաշտոնի համապատասխանելու և նշանակելու պատասխանատուների պատասխանատվության հարցը»:

Բողոքում նշված է նաև, որ քննիչից պարզաբանում պահանջելը չի կարող նշանակել, որ այն պահանջողը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Փաստաբանները այս դեպքում ևս մտահոգիչ են համարել քննիչի նման եզրահանգումը` նշելով. «Իհարկե այս դեպքում ևս կարող են առաջանալ մտահոգություններ այդպիսի եզրահանգումներ կատարողի հոգեկան առողջության կապակցությամբ, սակայն առավել հավանական է, որ այդ անձը ուղղակի բավարար գիտելիքներ չունի իրեն վստահված ոլորտի վերաբերյալ և ընդհանրապես իրավունքի, օրենքի և դրանց փոխադարձ տրանսֆորմացիայի (պատճառահետևանքային կապի) մասին, բնականաբար նաև իրավունքի փիլիսոփայության մասին և քրեադատավարական օրենսդրությունը երևի ընկալում է որպես Մովսեսին փոխանցված սեպագիր պատվիրաններ, որոնք փոփոխման, վերանայման և առավել ևս կասկածի տակ դնելու ենթակա չեն և այդ արարքները պատժվում են մինչև ժամանակների ավարտը դժոխք քշվելով»: Անդրադառնալով քննիչի հասցեին վիրավորական արտահայտությունները դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման հիմք ներկայացնելուն` փաստաբանները բողոքում նշել են, որ  չեն կարծում, որ «քննիչն իրեն համարում է հին ժամանակների և բոլոր ժողովուրդների կողմից ընդունված մի սրբացված անձ կամ առարկա, որի հասցեին վիրավորական արտահայտություններն ուղղակի ցուցիչ կլինեն մարդու հոգեկան անառողջության (թերևս տեղին է հիշել նաև Հնդկաստանում սուրբ համարվող կովերին, որոնց ոչ ճանապարհն է կարելի կտրել, ոչ էլ դրանց արտաթորանքն է մաքրման ենթակա),  չնայած նաև այս դեպքում նախ և առաջ կասկածելի կլինի այդպես մտածող և այդպես արտահայտվողի հոգեկան առողջությունը»: Հաշվի առնելով վերոնշյալը` փաստաբանները նշել են, որ այդպես էլ անհասկանալի է, թե որոնք են դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու հիմքերը, և ակնհայտ համարել, որ նման հիմքեր գոյություն չունեն, իսկ որոշման պատճառն ունի բոլորովին այլ` իրավունքի և օրենքի հետ չառնչվող հիմքեր:

 ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է Վարտգեզ Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ քննիչի կողմից կայացված որոշման դեմ Գասպարիի փաստաբանների ներկայացրած բողոքը: Որպես պատճառաբանություն ներկայացվել է քննիչի որոշման անհիմն լինելը: 

Նախորդ հոդվածը‘Կոլոմոյսկի. Սաակաշվիլիի «Մաքրագործման շարժումն» ինքը պետք է «մաքրվի բաղնիքում»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գազը չի էժանանա՝ հասկացա՛նք, իսկ կթանկանա՞’