‘Գարեգին Բ. Ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պետք է լինեն’

1020

Նորին սուրբ օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության եւ Շուշիի ազատագրության օրվա առիթով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով

Երկրորդ աշխարհամարտում ազգեր ու պետություններ մեծ զոհողությունների գնով հաստատեցին ազատ ու խաղաղ ապրելու իրենց իրավունքը` մերժելով բռնությունը և ֆաշիզմը: Մեր քաջարի ժողովուրդը նույնպես մասնակից եղավ և մեծ նպաստ բերեց մեծ հաղթանակի կերտմանը, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան ազատամարտին մասնակից մեր զավակների համար:

Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության և հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի և Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12:20):

Աղոթելով հանուն հայրենյաց նահատակված մեր հերոս զավակների հոգվոց հանգստության համար` հայցում ենք, որ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով անվրդով, խաղաղության մեջ պահպանի համայն աշխարհը և մեր ժողովրդին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: 
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր և միշտ: Ամեն:

 

Նախորդ հոդվածը‘Թիվ 8 ԸԸՀ նախագահը մերժեց քվեարկությունն անվավեր ճանաչելու՝ ՀԱԿ-ի թեկնածուի հայցը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի զորահանդես է տեղի ունեցել’