‘Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանը գագաթնաժողովի է գնում շատ լավ արդյունքներով’

1273

Վրաստանը Վիլնյուսի գագաթնաժողովին է մեկնում շատ լավ արդյունքներով, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նախագահի խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը առաջիկա տարվա ընթացքում երկրի կառավարության գլխավոր ռազմավարությունն է լինելու: «Մենք օրինակելի, եվրոպական տիպի ընտրություններ անցկացրինք, ինչը չափազանց դրական նախապայման է Եվրոպային ներկայանալու համար: Մենք կարծում ենք, որ Վրաստանը Եվրոպայի անքակտելի մասն է: Շեշտը դնում ենք ապագայի պլանների վրա՝ նախաստորագրմանը հաջորդող ժամանակաշրջան և համաձայնագրի ստորագրում»,- նշել է պետության ղեկավար: Վրաց հասարակությունը և քաղաքական սպեկտրը միասնական են Վրաստանի ընտրության հարցում, ասել է նախագահը: «Մենք ընդգծել ենք,  որ դա այն ընտրությունն է, որի շուրջ ակտիվորեն քննարկումներ է ծավալում ողջ հանրությունը: Համապատասխանաբար՝ ցանկացած դժվարություններ և մարտահրավերներ, որ կարող են ծագել, մենք, որպես երկրի ղեկավարություն, ինչպես նաև հասարակությունը՝ միասնաբար ենք հաղթահարում: Եւ բնականաբար, մեկ տարվա ընթացքում ասոցացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հավակնոտ պլանը մնում է կառավարության գլխավոր ռազմավարությունը»,- նշել է նախագահը:

Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում Մարգվելաշվիլին գլխավորելու է վրացական պատվիրակությունը, փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանը հիասթափված է ԵՄ-ի հետ ասոցացումից Ուկրաինայի հրաժարվելու որոշման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’