‘Գերմանական գարեջրագործության հսկաները տուգանվել են «գնային դավադրության» համար’

759

Գնային գործարքի պատճառով Գերմանիայի խոշորագույն գարեջրագործական կոնցեռնները տուգանքի են ենթարկվել: Տուգանքի գումարը կազմում է 106,5 միլիոն եվրո, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Տուգանված ընկերությունների թվում են Bittburger-ը, Krombacher-ը, Veltins-ը եւ Warsteiner-ը:   

Հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Անդրեաս Մունդտի խոսքով, 2006-2008թթ. ընթացքում գարեջրագործական կոնցեռնների ղեկավարները անձնական եւ հեռախոսային շփումների ընթացքում պայմանավորվել են թանկացնել շշալցված եւ «լցնովի» գարեջրի գները: Արդյունքում գարեջրի մեկ արկղի գինը թանկացել է մեկ եվրոյով:

Գնային «դավադրությունը» բացահայտվել է մրցակից Beck ապրանքանիշի ցուցմունքների շնորհիվ: Իրավապահների հետ համագործակցության համար ընկերությունն ազատվել է տուգանքից:  

Չորս ընկերությունների պատժաչափը եւս մեղմացվել է համագործակցության շնորհիվ:

Երկու կոնցեռնների եւ տարածաշրջանային չորս գարեջրագործների վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շնորհավորանքի ու մեծարանքի խոսքի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Stratfor. 2014 թ. Կրեմլը կպահպանի և կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ ազդեցությունը’