‘Գերմանացի գիտնականն իրեն կսառեցնի 150 տարով’

915

75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսն իրեն կենթարկի, այսպես կոչված՝ «կրիոկոնսերվացիայի», որի ժամանակ օրգանիզմը սառեցվում է՝ հետագայում նրա կենսագործունեությունը վերականգնելու նպատակով: Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է գերմանական Bild թերթը, պրոֆեսորն արդեն պայմանագիր է ստորագրել ամերիկյան ոչ առևտրային «Սառեցման ինստիտուտ» (Cryonic Institute) կազմակերպության հետ, որի պահոցներում նրա մարմինը կպահվի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը սովորի կենդանացնել «սառեցված» բջիջները:

Ենթադրվում է, որ Սամեսի մարմինը կսառեցվի մինչև մինուս 196 աստիճան, որից հետո, երբ արձանագրվի ուղեղի մահը, նրան կտեղավորեն կոշտ սառույցով լի արկղի մեջ և կնախապատրաստեն տեղափոխելու ԱՄՆ-ի Քլինթոն-Թաունշիփ քաղաք (Միչիգան նահանգ), որտեղ էլ գտնվում է «Սառեցման ինստիտուտի» կենտրոնակայանը: Այնտեղ նրա երակներից կդատարկվի արյունը, այն կզետեղեն հատուկ ֆիզլուծույթի մեջ: «Ես խելքս չեմ թռցրել»,- իր որոշումը մեկնաբանել է պրոֆեսորը: Իր կյանքի ողջ ընթացքում Սամեսն զբաղվել է ծերացման գիտության ուսումնասիրությամբ, իսկ 1995 թվականից նվիրվել է կրիոնիկային՝ սառեցման գիտությանը:  Պրոֆեսորի կարծիքով՝ կենդանի օրգանիզմների «սառեցումը» հեռանկար ունի: «Ներկա պահին կրիոկոնսերվացիայի տեխնոլոգիան անդառնալի է, սակայն մոտավորապես 150 տարի անց մարդկությունը, հավանաբար, կսովորի հալեցնել «պահածոյացված բջիջները»,- հույս է հայտնել պրոֆեսորը:

Սամեսն արդեն 21 հազար եվրո է վճարել «Սառեցման ինստիտուտին»: Բացի այդ՝ պրոֆեսորը նախապես պետք է կարգավորի իր մարմնի տեղափոխությունը Գերմանիայից ԱՄՆ, ինչի համար նա ստիպված կլինի վճարել ևս 14 հազար եվրո: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քառյակը պահանջում է իրավիճակը ավելի չսրել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ’