Գերմանիայում ձերբակալվել են 25 ծայրահեղ աջ արմատականներ

227

Գերմանիայի իշխանությունները դեկտեմբերի 7-ին լայնածավալ և սրընթաց գործողությունների արդյունքում ձերբակալել են ծայրահեղ աջ արմատական դավադիրների, որոնք, հետաքննության պնդմամբ, խորհրդարանի զինված գրավում և պետական հեղաշրջում էին նախապատրաստում։

Ռեյդերին մասնակցել  է ոստիկանության և հատուկ ծառայությունների ավելի քան 3 հազար աշխատակից` միաժամանակ Գերմանիայի 11 երկրամասերի 130 վայրերում, ինչպես նաև Ավստրիայում և Իտալիայում։

Առայժմ ձերբակալվել է 25 հոգի, սակայն, հետաքննության կարծիքով՝ այդ խմբավորումը չափազանց լուրջ սպառնալիք է ներկայացնում դեմոկրատական Գերմանիային։  Դավադիրների խմբում ընդհանուր հաշվով, ենթադրաբար, ընդգրկված է մոտավորապես 50 հոգի։

Ձերբակալվածների թվում կա Ռուսաստանի մի քաղաքացի՝ «Վիտալիա Բ․», որը կասկածվում է «դավադրության ղեկավարի» և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև միջնորդության համար։

Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության մի ներկայացուցչի կարծիքով՝ հեղաշրջման փորձը գերմանացիների ուշադրությունը կենսական խնդիրներից շեղելն է։ (Ի դեպ, ձերբակալվածների թվում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախկին պատգամավոր Բիրգիտ Մալսակ-Վինկեմաննը, որը նոր Գերմանիայում պետք է զբաղեցներ արդարադատության նախարարի պաշտոնը)։

Բեռլինում ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ դիվանագիտական հաստատությունները շփումներ չունեն անօրինական կազմավորումների ներկայացուցիչների հետ։

Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվողներին ձերբակալելը Գերմանիայի ներքին խնդիրն է։

Փոխանցում է iz.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի, Խորվաթիայի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին
Հաջորդ հոդվածըՄոնղոլիայում ձերբակալվել են ածուխի գողության մեջ առաջին կասկածյալները