Գերմանիայում սկսվել է 100-ամյա նացիստի դատավարությունը

704

Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարի նախկին պահապան, հարյուրամյա Յոզեֆ Ս․-ն կանգնել է դատարանի առաջ։ Նա մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3518 կալանավորի սպանությանը առնչակցության մեջ։ Մասնավորապես, մեղադրական կողմի վարկածով, նա անձամբ գնդակահարել է խորհրդային ռազմագերիներին և մարդկանց քշել է գազախցիկներ։

Դատավարությունը տեղի է ունենում անվտանգության խստացված պայմաններում Բրանդենբուրգ-Գյորդեն բանտի մարզադահլիճում։

Յոզեֆ Ս․-ն դատարան է եկել անվասայլակով, ձեռքին՝ պորտֆել։ Նա 21 տարեկան է եղել, երբ սկսել է ծառայությունը Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում 1942 թ․։ 1936-1945 թթ․ ընթացքում այդ ճամբարում պահվել է ավելի քան 200 հազար մարդ, այդ թվում՝ հրեաներ, գնչուներ, ռեժիմի հակառակորդներ և գեյեր։

Չնայած տարիքին՝ բուժփորձաքննությունը Յոզեֆ Ս․-ին ընդունակ է ճանաչել դատավարությանը մասնակցել օրական 2,5 ժամ։ Դատավարությունը կշարունակվի մինչև 2022 թ․ հունվար։ Այդ ընթացքում ամբաստանյալը ազատության մեջ կլինի, և նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, հազիվ թե հայտնվի ճաղերի ետևում․ նոյեմբերի 16-ին լրանում է նրա 101 տարին, ինչի մասին Յոզեֆ Ս․-ն հպարտությամբ հայտնել է դատավորին։

Յոզեֆ Ս․-ն ամենատարեց նացիստն է, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆոր քրեական գործեր և զանգվածային ձերբակալություններ
Հաջորդ հոդվածըHRW․ «Մարդկային արժանապատվության նսեմացում»