‘Գերմանիան հուշարձան է կառուցում նացիստական «էվթանազիայի» զոհերի հիշատակին’

793

Գերմանիայում սկսվել են հուշահամալիրի կառուցման աշխատանքները՝ ի հիշատակ հարյուր հազարավոր մարդկանց, որոնց նացիստական ռեժիմը մահվան է մատնել է այն բանի համար, որ նրանք տառապել են հոգեկան կամ քրոնիկ հիվանդություններով:

Բեռլինի կենտրոնում՝ այն վայրի հարևանությամբ, որտեղ 1940-ական թթ. տեղակայված էր «էվթանազիայի ծրագիրը» տնօրինող հաստատությունը,  30 մետրանոց ապակե պատ է կառուցվում: 1939 թ. Ադոլֆ Հիտլերը նացիստական ղեկավարությանը հայտարարել էր, թե անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց անհրաժեշտ է բռնի ճանապարհով ոչնչացնել: Ծրագիրը, որի շրջանակներում նացիստները ոչնչացրին գրեթե 300 հազար մարդու, պաշտոնապես դադարեցվեց 1941 թ., սակայն իրականում շարունակեց գործել մինչև 1945 թ.:

Նացիստական կառավարման առաջին տարիներին հաշմանդամներին և հոգեկան հիվանդներին սպանում էին սովահարելով և մահացու ներարկումներով: Ավելի ուշ նացիստներն սկսեցին կիրառել գազախցիկները Ավստրիայի և Գերմանիայի կենտրոնում: Այդ ծրագիրը, որն ստացել էր «Ակցիա-T-4» անվանումը, համարվում է Հոլոքոստի՝ Արևելյան Եվրոպայի հրեա բնակչության զանգվածային ոչնչացման  նախատիպը:

Վերջին տարիներին Բեռլինում հուշահամալիրներ են բացվել հրեաների, գնչուների և համասեռականների հիշատակին, որոնց նացիստները համարում էին ոչնչացման ենթակա՝  երկրորդ կարգի մարդիկ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հարցախույզ. Ո՞ր ապրանքներն են թանկացել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Շենգավիթում ջուր չի լինելու’