‘Գերմանիա. Մերկելի կուսակցությունը հաղթել է ընտրություններում’

720

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցությունը երկրում կայացած ընտրությունների արդյունքում կրկին մեծամասնություն են ստացել խորհրդարանում, հաղորդել է Գերմանիայի ընտրական հանձնաժողովը: ՔԴՄ-ի օգտին քվեարկել է ընտրողների 42 %-ը: Սա ընտրություններում կուսակցության ամենահամոզիչ արդյունքն է՝ 1990 թ. ի վեր, սակայն այդ ցուցանիշը Մերկելի համար բացարձակ մեծամասնություն չի ապահովում: Այժմ գլխավոր հարցը կդառնա իշխող դաշինքի կազմավորումը, քանի որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը ՔԴՄ-ի դաշնակիցն էր ընտրություններում, չի կարողացել հաղթահարել բունդեստագ մտնելու համար անհրաժեշտ 5 %-ի պատնեշը: Հնարավոր է՝ ՔԴՄ-ն ստիպված լինի դիտարկել, այսպես կոչված՝ «մեծ դաշինք» ստեղծելու հնարավորությունը իր մրցակցի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որն ընտրություններում ստացել է ձայների 26 %-ը: Մերկելն ինքը, խոսելով դաշինք ստեղծելու մասին, նշել է, որ «առայժմ շատ վաղ է ստույգ ասել, թե ինչ ենք անելու»:

Ընտրություններում հաղթանակը Անգելա Մերկելին դարձնում է համաշխարհային առաջնորդներից միակը, ով կարողացել է դիմանալ ներկա դժվարին պայմաններում՝ բարեհաջող կերպով Գերմանիան դուրս բերելով գլոբալ ճգնաժամից և Եվրագոտու հնարավոր փլուզումից:

Գերմանիայի ետպատերազմյան ժամանակաշրջանում միայն Հելմուտ Քոլին և Կոնրադ Ադենաուերին էր  հաջողվել երրորդ ժամկետով մնալ կանցլերի պաշտոնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը նշեց անկախության օրը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձը’