‘Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը’

823

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, տեղեկացնում է դատախազության լրատվական ծառայությունը: 

Դեսպան Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Գևորգ Կոստանյանին` գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ:  Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի շնորհավորանքներն ու ԻԻՀ այցելելու հրավերը: 

Դեսպանը, կարևորելով այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հույս է հայտնել, որ  դրա արդյունավետ իրագործմանը կնպաստի նաև 2013թ. ապրիլին ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված «Փոխըմբռնման հուշագիրը»: Դեսպանը նշել է, որ Իրանի համար կարևորագույն խնդիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, չնայած, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինները հսկայածավալ աշխատանք են տանում: 

ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես,  ընդգծել է, որ թմրանիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն առավել  արդյունավետ կդարձնի դրանց տարածման դեմ պայքարը: Այդ առումով լուրջ անելիքներ ունեն նաև մաքսային և սահմանապահ կառույցները` աշխատակիցների պատրաստվածության  բարձր մակարդակ ապահովվելու տեսանկյունից: 

ՀՀ գլխավոր դատախազը նաև նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն համատեղ գործնական քայլերը, որոնց իրականացման դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի:  

Դեսպան Ռեիսին ՀՀ գլխավոր դատախազին շնորհակալություն է հայտնել` դատապարտյալների հանձնման գործում ցուցաբերած աջակցության համար: 

«ՀՀ-ում  յուրաքանչյուրի իրավունքը երաշխավորված է,  հանցագործությունը` պատժելի. սա է ՀՀ գլխավոր դատախազության օրինականության և իրավահամակարգի ամրապնդման ուղղությամբ գործունեության նպատակը»,- հանդիպման ավարտին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:   

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը արտահայտվել է ԼՂ խնդրի խաղաղ լուծման օգտին’
Հաջորդ հոդվածը‘Ինչի՞ համար էր Ռուսաստանի դեսպան Վոլինկինը գնացել ԱԳՆ’