‘Գծատերերը երթ են արել և պահանջել են 200 դրամ ուղեվարձ’

2343

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, մի շարք երթուղային գծերի տերեր, գլխավոր մասնագետներ այսօր երթով գնացել էին  Երևանի քաղաքապետարան` իրենց բաց նամակը հանձնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը:

«Մենք դժգոհ ենք քաղաքապետի կողմից ձևավորված ուղեվարձի վերանայմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներից: Մեր հաշվարկներով` ստացվում է 200 դրամից մի փոքր ավել ուղեվարձ, մենք պատրաստ ենք սահմանել 150 դրամ ուղևորի համար և 50 դրամ էլ՝ որ քաղաքապետարանը կամ կառավարությունը լրավճարում կատարի»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:

Փոխադրողների միության նախագահի խոսքով` իրենց հիմնական դժգոհությունը վերաբերում է քաղաքապետի կողմից ձևավորված հանձնաժողովի գործելակերպին: Հանձնաժողովն, իրենց կարծիքով, տեղապտույտ է կատարում, չի աշխատում, չի գալիս եզրահանգման ուղեվարձի սակագնի հետ կապված, իսկ ուղևորափոխադրող ընկերությունները, ինչպես նշվում է նամակում, յուրաքանչյուր իսկ օր կրում են շոշափելի վնասներ:

«Մենք հարգում ենք և մեր ժողովրդին, և քաղաքապետարանին, և քաղաքապետարանի ղեկավարությանը. որոշեցին 150, մենք լուռումունջ 150 դրամով աշխատում էինք, հետո կասեցրեցին, դա էլ ենք հարգում, որովհետև ժողովուրդն ասեց` մենք չենք համաձայնվում: Հիմա հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի որոշի` փոխադրողն է ճիշտ, թե ժողովուրդը կամ ակտիվիստները, այսպես ասենք, որովհետև ժողովուրդն առաջին օրերին խելոք, հանգիստ վճարում էր 150 դրամը»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե արդյոք հնարավոր չէ ունենալ նորմալ քաղաքային տրասնսպորտ 100 դրամով կամ նույնիսկ ավելի էժան սակագնով, ինչի մասին շարունակ բարձրաձայնում են բազմաթիվ անկախ փորձագետներ, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, որ իրենք այդ արտահայտություններն անողներին բազմիցս ասել են, թե` եկեք ձեր հաշվարկներով, մենք էլ մեր հաշվարկներով, դնենք սեղանին, տեսնենք, դուք մեզ համոզեք, մենք` ձեզ, սակայն նրանք չեն գալիս:

Նախորդ հոդվածը‘Ալիևի աշխատակազմը պատասխանել է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հրամանատարին’
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել (Տեսանյութ)’