‘Գյումրիի ավագանին աուդիտ հրավիրելու հարցն այսօր չի քննարկել’

848

Ավագանու նիստ չի եղել, այսօր վկայականների հանձնման արարողությունն էր կազմակերպված, որի ընթացքում ընտրատարածքային հանձնաժողովն ու քաղաքապետարանը վկայականներ հանձնեցին ավագանու անդամներին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

«Ավագանու առաջին նիստը ենթադրվում է, որ կլինի մոտ 10 օրից: Հստակ օր չի ասվել: Հրավիրել էին վկայական ստանալու»,- ասաց Բարսեղյանը:

Ենթադրվում էր, որ այսօրվա նիստի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու քննարկմանը կներակայցնի քաղաքապետարանում աուդիտ հրավիրելու առաջարկը:

«Բալասանյանը նախորդ նիստին ասել է, որ ավագանու մյուս նիստին դնելու է այդ հարցը: Ենթադրում ենք, որ առաջին նիստին այդ հարցը կքննարկվի»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստի ժամանակ ավագանու անդամներից 6-ը դեմ էին քվեարկել աուդիտ հրավիրելու առաջարկին, 2-ը` ձեռնպահ, իսկ Բալասանյանը հայտարարել էր, որ ինքը քաղաքապետարանն ընդունել է շուրջ 826 միլիոն դրամ պարտքով` բնակկոմունալ ծառայությունում, եւ 209 միլիոն դրամ էլ աշխատավարձի պարտքն է:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Ռոնալդուն որոշ ժամանակ կորցրել է տեսողությունը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՌԴ դեսպանի՝ Ղարաբաղում օդանավակայանի գործարկումը լրջորեն կսրի իրադրությունը տարածաշրջանում’