‘Գյումրիի դատախազությունում արտակարգ փակ խորհրդակցություն է ընթանում’

1693

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:

Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ մի շարք ոստիկաններ, նրանց թվում նաեւ գլխավոր դատախազի տեղակալը այս պահին գտնվում են Գյումրիում եւ անցկացնում են արտակարգ խորհրդակցություն: «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ երեկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում էր տվել քննիչին տվյալ անձին ձերբակալելու վերաբերյալ, ինչը քննիչն այսօր օրենքով սահմանված կարգով բողոքարկել էր: Նա նշեց նաեւ, որ անձը ձերբակալվել է դատախազի կողմից: Այնուամենայնիվ, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալուց:

Այժմ դատախազությունում է գտնվում նաեւ Մնացական Ալեքսանյանի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, թե իր տղան Գյումրիում բախումների ժամանակ ցուցարարներին հանդարտեցնողներից մեկն է եղել, եւ նրա ձերբակալությունը անտրամաբանական է:

Ավելի վաղ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, թե այս դեպքը կասկածներ է ծնում, եւ շատ հնարավոր է, որ էլի ուրիշ մարդկանց ձերբակալեն: «Այսպես պատանդ է վերցնում ռեժիմը, ես այդպես եմ հասկանում՝ առանց հասկանալու դրանց հետևանքները: Հիմա հայտնի չէ՝ խափանման միջոց ընտրել են, չեն ընտրել, որևէ մեկին տեղյակ չեն պահել: », — ասել է նա:  

Հիշեցնենք նաեւ, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վերջին օրերի ընթացքում ակցիայի մասնակիցները պարբերաբար հրավիրվում էին ոստիկանություն՝ հարցաքննության նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Քաղաքացուն վաճառվող գազի սակագինը էժանանալու տեղ ունի’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Ձեր ծրագրի իրականացումը նշանակում է ВнешТорг-ի ստեղծում’