‘Գյումրիում բացվեց «Վիլլա Կարսը»’

2203

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել «Վիլլա Կարս» հյուրահամալիրի բացումը, որի համարձակ ու ամբիցիոզ ծրագիրն իրականություն է դառնում շնորհիվ Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի: Նույն Անտոնիոյի, որ երկրաշարժից ի վեր իր կյանքն ու գործունեությունը կապել է Հայաստանի հետ՝ իրականացնելով բազմաթիվ հումանիտար ու բարեգործական ծրագրեր: Վերջին տարիներին Մոնտալտոյի ուշադրության կենտրոնում է Գյումրին, որտեղ հյուպատոսը փորձում է մասնակցել քաղաքի պատմա-մշակութային կենտրոնի վերականգնմանը՝ վերածնվող փլատակ շենքերին նոր ոգի ու նոր հասարակական կյանք հաղորդելով: Վիլլա Կարսն էլ այդպիսի մի երազ է, որի նպատակն է բացի հյուրանոցից ծառայել նաեւ որպես մշակութային նախաձեռնությունների եւ միջազգային փոխադարձ կապերի յուրատեսակ միջավայր՝ հյուրընկալելով Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոնը: 

Ինչպես երեկ բացման խոսում նշել է Գյումրու այս մշակութային ծրագրի գործընկեր եւ սատարող՝ ֆրանսահայ գործարար պարոն Մանուկ Փամոկջյանը, վիլլա Կարսի բացման արարողությունը եւ հնչած խոսքերը յուրահատուկ ուղերձ են՝ հասցեագրված Գյումրուն եւ գյումրեցիներին:

Գյումրու մշակութային աշխուժացման նախաձեռնության մեջ այլ նախագծեր եւս ընթացքի մեջ են, որոնց թվում` Խեցեգործության եւ գորգագործության արհեստանոց-ֆաբրիկայի եւ Եվրոպական մշակութային կենտրոնի հիմնումն է: «Մեր նպատակներից մեկն էլ Հայաստանում մշակութային գործունեության ապակենտրոնացումն է դեպի տարբեր շրջաններ ու քաղաքներ եւ առաջին հերթին՝ դեպի Գյումրի»,- ասել է Փամոկջյանը եւ հավելել, որ ժամանակն է բացել հայ-թուրքական սահմանը, որի համար մենք պետք է պատրաստվենք, հատկապես` Գյումրիում: Այս առումով կարեւորվում է Հայաստան-Թուրքիա մշակութային փոխհարաբերություններ հաստատելու պահանջը՝ այդպիսով փորձելով խթանել Թուրքիայում հիշողության վերադարձին եւ սահմանի բացմանը: Շուտով երկկողմ կապեր կհաստատվեն վիլլա Կարսի Խաղաղության եւ զարգացման կենտրոնի եւ Իստանբուլի, Կարսի, Դիյարբեքիրի եւ Վանի մշակութային կենտրոնների միջեւ: Անտոնիո Մոնտալտոն նշեց, որ ցանկանում է ապագայում նույնպիսի հյուրատուն-կենտրոն բացել Կարսում՝ վիլլա Գյումրի անունով, եւ որ մշակութային կապերի, ընդհանուր շահերի խթանումը այդ պատմա-աշխարհագրական տարածքում բնականորեն կբերի սահմանի բացմանը:

Համագործակցության նոր շարժում ստեղծելու եւ Գյումրու մշակութային, տնտեսական եւ հասարակական զարգացման այս գործընթացն արագացնելու համար Անտոնիո Մոնտալտոն եւ Մանուկ Փամոկջյանը հայտարարեցին «Գյումրու բարեկամներ» միջազգային հիմնադրամ ստեղծելու՝ իրենց որոշման մասին, որի նստավայրը դարձյալ կլինի «Վիլլա Կարսը»:

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի դիվանագետ. Ժամանակն է ճանաչելու Լեռնային Ղարաբաղը’
Հաջորդ հոդվածը‘Իտալացիների հայտացուցակը Դանիայի և Հայաստանի դեմ խաղերին’