‘Բրիտանացի դիվանագետ. Ժամանակն է ճանաչելու Լեռնային Ղարաբաղը’

1755

Ժամանակն է ճանաչելու Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն: Այդպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, ՄԱԿ արդարադատության տարածման հարցերի կոմիտեի անդամ Ջեֆրի Ռոբերտսոնը ԼՂՀ-ում ընթացող «Արցախ. ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» միջազգային խորհրդաժողովում:

Արմինֆոյի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի նոր թրենդերի համաձայն, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը երկրորդ պլան է մղվում, երբ տեղի է ունենում հանցագործություն ընդդեմ մարդկության: Բրիտանացի դիվանագետը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով, նույնիսկ ավելի կայացած, քան շատ այլ երկրներում: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվել է պատմական անարդարության արդյունքում: Եվ համաձայն միջազգային իրավունքի նորմերին, Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան պետականության իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն: Ինչու կարող են գոյություն ունենալ Մոնակոն և Լիխտենշտեյնը, որոնք հիմնված են բանկային հաշիվների վրա, կամ, նույնիսկ, Վատիկանը»,- հայտարարել է նա:

Բրիտանացի դիվանագետը հիշեցրել է Մոնտեվիդեոյում վերջնականապես արձանագրված պետականության չափանիշների մասին, որպիսիք են մշտական բնակչության, որոշակի տարածքի, կառավարման սեփական համակարգի, այլ երկրների հետ կապերի  առկայությունը: «Լեռնային Ղարաբաղի պարագայում այդ ամենը կա, հետևաբար, եկել է ժամանակը ճանաչելու նրա անկախությունը»,- ամփոփել է Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականը:

 

Նախորդ հոդվածը‘Երեւանի դպրոցների տնօրենների մոտ 1/3-ը ընտրություններում ՀՀԿ-ն է ներկայացրել. Ցանկ ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում բացվեց «Վիլլա Կարսը»’