‘Գյումրիում զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողին կդատեն ՌԴ ռազմաբազայում’

1327

Գյումրի քաղաքում յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը կկայանա Հայաստանում, ռուսաստանյան ռազմաբազայի կայազորային ռազմական դատարանում, Интерфакс-ին տեղեկացրել են իրազեկ աղբյուրները:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման որոշում է կայացվել Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ պայմանագրի հիման վրա: Интерфакс-ի մեկ այլ աղբյուր հաղորդել է, թե կողմերը նաև քննարկում են համատեղ մեղադրանքը՝  ըստ ռուսաստանյան օրենսդրության:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ քննում են ռուսաստանյան և հայկական կողմերը, քննարկվում է մեկ համատեղ, փոխհամաձայնեցված մեղադրանք ներկայացնելու հարցը՝ ռուսաստանյան քրեական օրենսդրության հիման վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ դատարանը պետք է քննի նաև այն մեղադրանքները, որոնք ռուսաստանցի զինվորական քննիչները ներկայացրել են զենքով հանդերձ դասալքելու դրվագների կապակցությամբ:

«Այն ամենը, ինչ հետաքննել են հայ քննիչները, կփոխանցվի ռուսաստանյան  կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,- նշել է աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Ոչ մի փորձեր էլ չի արվում, իզուր տեղը դա մի դարձրեք այլ փորձերի բան’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Խոշորները պետք են գալու ընտրություններ կեղծելու համար (տեսանյութ)’