‘Գյումրու ավտոկայանից բացակայում են Գյումրի-Երեւան միկրոավտոբուսները’

1643

Այսօր, վաղ առավոտից, կաթվածահար էր Գյումրի-Երեւան երթուղու աշխատանքը: Ուղեւորների մեծ կուտակում էր առաջացել ավտոկայանում, սակայն ոչ մի միկրոավտոբուս չկար: Առաջին միկրոավտոբուսը Երեւանից հասավ Գյումրի ժամը 10:30-ի սահմաններում եւ 15-20 րոպե անց նորից վերադարձավ Երեւան: Ուղեւորները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ  բացի այս միկրոավտոբուսից՝ այլ միկրոավտոբուս չի եղել:  Այդ միկրոավտոբուսում տեղեր հաջողեցրած ուղեորները մեզ հետ զրույցում նշեցին, որ ստիպված են եղել սպասել 2-2.5 ժամ, իսկ թե մյուսները դեռ ինչքան էին սպասելու՝ իրենք էլ չգիտեին: Թե ինչո՞ւ մեքենա չկա, կամ ե՞րբ է լինելու՝ ուղեւորների հարցին ի պատասխան՝ ավտոկայանի աշխատակիցները նշել էին, որ Գյումրի-Երեւան միկրոավտոբուսի շահագործման մրցույթն է անցկացվում, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեքենաները դուրս չեն եկել աշխատանքի:

-Ժամը 8-ից ստեղ եմ, գնալու եմ Երեւան բժշկի, բայց արդեն ուշացել եմ: Կոնկրետ չեն էլ ասում, թե միկրոավտոբուս կլինի, թե՝ ոչ: Ես ուզեմ, թե չուզեմ՝ սպասելու եմ, որովհետեւ տաքսիով գնալ-գալու համար այդքան գումար չեմ նախատեսել,-ասաց ուղեւորներից մեկը:

Ինչպես նմանատիպ դեպքերում, այս անգամ եւս բացառություն չէր տաքսիների թանկացումը: Ուղեւորները մեզ տեղեկացրին, որ ուղեվարձը վարորդները թանկացրել են՝ հասցնելով 3.000 դրամի՝ նախկին 2.500 դրամի փոխարեն. «Վարորդներից մեկը մոտեցավ, ասաց՝ քեզ 2.500 դրամով կտանեմ, բայց մյուսներին չասես»: Ի դեպ, հատկանշական էր նաեւ այն հանգամանքը, որ մեր այնտեղ գտնվելու ժամանակ ավտոկայանի տարածքում տաքսիներ էլ չկային:

«Տրանս-ակնթարթ» ընկերության տնօրեն Հովհաննես Գեւորգյանը եւս մեքենաների բացակայությունը պատճառաբանեց Գյումր-Երեւան երթուղու սպասարկման համար Երեւանում անցկացվող մրցույթով (17 մեքենա Գյումրուց եւ 17 մեքենա Երեւանից)  ինչի պատճառով ե՛ւ մեքենաները, ե՛ւ վարորդները գտնվում են Երեւանում:

-Մրցույթի ավարտից հետո, եթե հասցնեն, մինչեւ ժամը 14:00-15:00-ը, մեքենաները դուրս կգան գիծ, իսկ եթե ոչ՝ պետք է այսօր մեր ուղեւորները ներողամիտ լինեն,-ասաց Հ.Գեւորգյանն ու հավելեց, որ իրենք իրավասու չեն նման դեպքերում այլ  մեքենաներ բերել եւ ուղարկել Երեւան՝ չնայած որ հնարավորություն ունեն:

Հ.Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ երթուղու սպասարկման համար մրցույթներ անցկացվում են 4 տարին մեկ: Այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2 ընկերություն՝ «Տրանս-Ակնթարթը» Գյումրուց եւ «Տիգրան» ՍՊԸ-ն՝ Երեւանից:

«Ասպարեզի» այն հարցին, թե 10:30-ի դրությամբ Գյումրու ավտոկայանում գտնվող մեքենան ինչ մեքենա է, որ եկել է Երեւանից՝ Հ.Գեւորգյանը սկզբում ասաց, թե տեղյակ չէ ու կհանձնարարի մեքենային չթույլատրել շարժվել, քանի որ դա օրենքի խախտում կլինի: Ավելի ուշ Հ.Գրիգորյանն ասաց, որ դա երթուղին սպասարկող մեքենաներից է, որը, ամենայն հավանականությամբ, մասնակցել է մրցույթին ու կարողացել դուրս գալ երթուղի: Գյումրիից Երեւան մեկնող 17 միկրովատոբուսների տեխնիկական վիճակը «Տրանս-Ակնթարթի» տնօրենը գնահատեց գերազանց, մինչդեռ ուղեւորների մեծ մասը դժգոհում է դրանց ոչ նորմալ վիճակից:

Հ.Գրիգորյանը չկարողացավ ասել, թե կայանալիք մրցույթի եւ մեքենաների հնարավոր բացակայության մասին հեռուստատեսություններով հայտարարություն տրվել է, թե՝ ոչ. «Ես ստեղ չեմ գտնվել, Երեւանում եմ եղել, առողջական վիճակի պատճառով»: Խոսակցությունները, թե մրցույթից հետո գնային փոփոխություն է լինելու՝ Հ.Գեւորգյանը հերքեց՝ ասելով, թե գների թանկացում չի լինի, մրցույթի պայմաններով նախատեսված է 1.500 դրամ:

Սոնա Առաքելյան/asparez.am

Նախորդ հոդվածը‘Սոցապ նախարար. Սակագների բարձրացումը կարող է բերել 2,5 տոկոս գնաճային ճնշման’
Հաջորդ հոդվածը‘Սկսվեց «ատկատների» գործով դատաքննությունը ‘