‘Գնդակահարության գնով նախագահ դարձածը չի կարող պաշտպանել Հայաստանի շահը’

3773

Չէի ցանկանում բացասական լույսի ներքո ներկայացնել Սերժ Սարգսյանին` Սոչիում Ալիևի հետ հանդիպումից առաջ, որպեսզի գոնե մի չնչին չափով նա տարբերվի Ալիևից, չնայած վստահ էի, որ այդ հանդիպումը, ինչպես նաև ապագայում սպասվող ցանկացած հանդիպում որևէ դրական բան չի տա ո՛չ Հայաստանին, ո՛չ Լեռնային Ղարաբաղին:

Վստահությունս շատ երկար ապացուցման կարիք չունի: Ինչպե՞ս կարող է մարդը պաշտպանել հայության շահերը, եթե այդ նույն մարդու նախագահ դառնալու համար գնդակահարվել են խաղաղ ցուցարարներ: Հիշեցման կարգով ասեմ, որ Մարտի մեկին սպանված ցուցարարներից հինգի հայրերն ու եղբայրները կռվել և զոհվել են Արցախյան պատերազմում, իսկ նրանց որդիները գնդակահարվել են Երևանի կենտրոնում՝ հազարավոր ականատեսների աչքի առաջ, և մինչ օրս իշխանությունները չեն ցանկանում բացահայտել մարդասպաններին:

Հիմա դուք ինձ ասեք` եթե որևէ ղեկավար իր իշխանության համար պատրաստ է դիմել նման քայլի, ինչպես՞ կարող է նա ցավ ապրել Հայաստանի ճակատագրի համար: Թե՞ երբ սեփական երկրում են սպանում անմեղ քաղաքացիների` ոչինչ, իսկ երբ ադրբեջանցիներն են սպանում հայ գերիներին` սարսափելի է:

Սերժ Սարգսյանի փեսային պատկանող լրատվամիջոցներն ու «միշիկական ագիտպրոպն» այս օրերին կոչ է անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, որ նա իրեն ավելի ամուր զգա բանակցությունների սեղանի շուրջը:

Սերժ Սարգսյանի ասած` համախմբվենք, որ ի՞նչ անենք: Համախմբումը զուտ դեկլարատիվ հայտարարություն չէ, համախմբման համար իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն, այլապես դա ոչ թե կլինի համախմբում, այլ իշխանությունների դուդուկի տակ պարել:

Կոնկրետ քայլեր կարող էին լինել Մարտի մեկի մարդասպանների բացահայտումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, մաքսային և հարկային տեռորի դադարեցումը, ընդդիմության բարձրացրած տարրական պահանջների կատարումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացումը, կենսաթոշակային համակարգի փոփոխությունների կասեցումը և վերջապես` «Սահմանադրական բարեփոխումներ» կոչվածի չեղյալ հայտարարումը… Սակայն, ինչպե՞ս կարելի է հավատալ մի մարդու, որն ամեն ինչ անում է, որպեսզի սեփական երկիրն ավելի թուլանա, արտագաղթն օրեցօր ավելանա, միայն թե փողոցում չհավաքվի իր իշխանությանը սպառնացող կրիտիկական զանգված: Սերժ Սարգսյանին վաղուց արդեն ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի ճակատագիրն է հետաքրքրում. նրա միակ հետաքրքրությունն այն է, որ չկորցնի իշխանությունը, ու եթե դրա համար պետք լինի` կարող է «Խաղաղության» երթ կազմակերպել: Եթե իշխանությունը պահելու համար անհրաժեշտ լինի հակառակը, նա հաջորդ օրն իսկ կարող է «Պատերազմի» երթ կազմակերպել, կամ էլ` սահմանի վրա հրահրել միջադեպեր: Եթե անհրաժեշտ լինի, նա կարող է աչքերը փակել մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի վրա, իսկ եթե տեսնի` աչքակապությունը սպառնում է իր իշխանությանը, կարող է լոլիկներով միտինգ կազմակերպել Հունգարիայի հյուպատոսության դիմաց:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ–ի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Տավեկյոն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն է’