‘Գնի վրա ազդում են քսայուղերը, բաները. Ըստ Գ.Սահակյանի՝ գազի գնի նվազումը չի ազդի տրանսպորտի սակագների վրա ‘

1794

«Հայռուսգազարդի» վերջին՝ 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելու շնորհիվ գազի սակագինը կնվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին եւ Հայաստանի համար գազի գնի ձեւավորման մասին միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել, իսկ ավելի վաղ նույն օրը «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Հայաստանում գազի գինը կհամապատասխանեցվի Ռուսաստանի ներքին գներին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս պայմանագրերը անմիջապես կանդրադառնան Հայաստանի սովորական սպառողներին վաճառվող գնի վրա: Հայտնի է, որ անցյալ ապրիլից ի վեր տեղի ունեցած գազի թանկացման հետեւանքով մի շարք ապրանքներ եւ ծառայություններ նույնպես թանկացել են, մասնավորապես, գազի թանկացումը Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման համար հիմնական փաստարկներից մեկն է: ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն «հակված չէ» կարծելու, որ գազի սակագնի նվազումը թանկացած ապրանքների եւ տրանսպորտի սակագների վրա կանդրադառնա: «Գիտե՞ք ինչ, էնտեղ մենակ գազի գինը չի, տրանսպորտի գնի վրա ազդում են քսայուղերը, բաները», — ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները թույլ չեն տալիս նախագահականի մոտ հավաքված ցուցարարներին նամակ հանձնել ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջնորդի բարեկամը պաշտոնանկ է արվել ‘