‘«Գոլոս Ռոսիի». Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը’

1176

Թուրքիան շուտով կարող է բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ասվում է «Գոլոս Ռոսիի» ռադոկայանի կայքում հրապարակված հոդվածում:

Վկայակոչելով թուրքական «Աքշամ» օրաթերթը` հրապարակման հեղինակը նշում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Թուրքիան մտադիր է ժամանակակից անցակետեր բացել Հայաստանի և Իրանի հետ սահմանին։ Երկրի արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ։ Նախագիծն, ընդհանուր առմամբ, կարժենա 52 մլն եվրո։ Միաժամանակ արդիականացման աշխատանքներ են տարվում հայ-վրացական սահմանում:

Թուրքիա-Հայաստան-Վրաստան ուղեգծով ճանապարհը կարող է դառնալ բանուկ, քանի որ Բրյուսելը հենց այնպես փողերը քամուն չի տալիս, թեև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պաշտոնապես դեռ փակ է, և երկու երկրների միջև վերականգնված չեն դիվանագիտական հարաբերությունները:

Ինչպես հայտնի է, 2009 թվականի հոկտեմբերին Անկարան և Երևանը ստորագրեցին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում էին երկրների միջև հարաբերությունների կարգավորում: Սակայն Բաքվի ճնշման ներքո Անկարան հրաժարվեց վավերացնել այդ փաստաթղթերը, դրանք փոխկապակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ինչն այդ արձանագրություններում նախատեսված չէ: Այդուհանդերձ, երկու երկրների փոխհարաբերություններում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։

Հեղինակը կարծում է, որ Հարավային Կովկասում ստեղծվում են նոր աշխարհաքաղաքական իրողություններ: Առկա է Մաքսային միությանը, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց: Այդ պատճառով Հայաստանի հետ սահմանը Թուրքիայի համար ձեռք է բերում Եվրասիական տնտեսական միության հետ սահմանի կարգավիճակ:

«Բացի այդ, ինչպես գրում է Today’s Zaman-ը, Իրանի և «վեցյակի» միջև միջուկային դոսիեի շուրջ պայմանավորվածության ձեռք բերումից հետո ակնհայտ դարձավ, որ Թեհրանը դուրս է բերվում միջազգային մեկուսացումից և վերածվում է նկատելի խաղացողի տարածաշրջանում: Հայաստանի հետ ունենալով հաստատուն առևտրատնտեսական և քաղաքական կապեր` Իրանը Հայաստանի միջոցով ուղիղ ելք է ստանում դեպի ՄՄ, ինչ առայժմ չունի Թուրքիան: Ուստի, եթե ավելի վաղ Հայաստանի հետ սահմանի բացումը կամ փակումը դիտարկվում էր որպես նրա նկատմամբ քաղաքական ճնշման միջոցներից մեկը, ապա այժմ դա կարող է դառնալ արդեն կորսված տնտեսական հնարավորությունների խնդիր: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Թուրքիայի փոխհարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ նրա դիրքորոշմանը, ապա, ըստ երևույթին, ճիշտ կլիներ Բաքվին ու Երևանին խթանել երկխոսության հաստատման և պայմանավորվածությունների ձեռք բերման, այլ ոչ թե հանդես գալ միայն մեկ կողմից: Այսպես կոչված` արաբական գարնան և սիրիական դիմակայության փորձն ապացուցում է, որ նման քաղաքականությունը ոչ միայն բարդացնում է իրավիճակը, այլև նվազեցնում է թուրքական դիվանագիտության հնարավորությունները: Պատահական չէ, որ Թուրքիան ողջունեց երկամյա դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը, որը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» ի հայտ գալուն: Հայ-թուրքական սահմանի արդիականացումը և սահմանամերձ տարածքների ականազերծումը վկայում է այն մասին, որ Անկարան իր գործողություններում ելնում է, այնուամենայնիվ, դրական սցենարից, և, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է Հայաստանի տնտեսական շրջափակման վերացման», — նշվում է հրապարակման մեջ:

Նախորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց ‘