‘Գոհար Սիմոնյան. Ընտրացուցակների բլեֆը, կամ՝ դեռ ինչքա՞ն պիտի թոռը պապից նեղացած մնա’

8875

Հայաստանյան վերջին ընտրությունների եւ հատկապես սահմանադրական փոփոխությունների փորձառությունն ակնհայտորեն հուշում է, որ չնայած իշխանությունների կողմից մշտապես իրականացված տեռորին, կաշառքներին եւ ընդհանրապես կեղծիքների ահռելի զինանոցի գործադրմանը՝  «ինչքան ուզեմ՝ էդքան խփեմ» սերժսարգսյանական խոստումը հիմնականում իրողություն է դարձել ուռճացված ընտրացուցակների շնորհիվ: Այլ կերպ ասած՝ ձախողված իշխանությունների համար այլեւս ահռելի խնդիր է դարձել մեքենայությունների գործադրումն իրակա՛ն ընտրողների շրջանում, եւ, որպես հաջողության գրավական, հանդես են գալիս «մեռյալ հոգիները»:

(Հանգամանք, որ հրաշալի նյութ է դարձել նաեւ ժողովրդական ֆոլկլորի համար: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, օրինակ, սոցիալական ցանցերն ուղղակի պայթում էին այսպիսի շարժերից. «Նեղացել եմ պապիցս. տնաշենն արդեն որերորդ անգամ գալիս է ընտրությունների՝ ալարում է տուն մտնի երեսը տեսնենք, հարցնի՝ ոնց ենք, ոնց չենք»: Կամ՝ «Ընկեր գյուղապետ, կարելի՞ է մի անգամ էլ ընտրեմ, մեր հարեւան Պողոսն, օրինակ, մի ամսվա հացի չափ ընտրեց…»:)

Առանձին հաշվարկներով՝ նույնիսկ գյուղական մշակույթի տներում, չգտնվող հասցեներում եւ այլուր հաշվառված այս ուրվականների քանակն անցնում է 500.000-ը, եւ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում իշխանական ամենամեծ դիմադրությունը պիտի ծավալվեր ու շարունակվեր հատկապես ընտրացուցակների հրապարակման՝ ընդդիմության պահանջի առիթով:

Իշխանությունն այսօրինակ դիմադրությունը քողարկում է ընտրության գաղտնիության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:

Իբր՝ մեր սահմանադրությունն ընտրություններին մասնակցությունը դիտարկում է ոչ այնքան պարտականության, որքան իրավունքի մակարդակում, եւ ոչ ոք իրավունք չունի ընտրողին խոցելի դարձնել, եթե նա չի կամենում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու փաստը հրապարակային դարձնել:

Ավելին՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այնքան է առաջանում մարդու իրավունքների պաշտպանության ՀՀԿ-ական սկզբունքներում, որ իբրեւ հավելյալ փաստարկ՝ կոնկրետ օրինակ էլ է բերում. ենթադրենք՝ ես ազդեցիկ կազմակերպության ղեկավար եմ եւ որոշել եմ ինձ մոտ աշխատող մարդկանց ուղղորդել, որպեսզի նրանք անպայման գնան եւ քվեարկեն կոնկրետ թեկնածուի օգտին: Եթե ընտրացուցակները հրապարակվեն, մի՞թե այդպիսով խոցելի չենք դարձնում մեր ընտրողներին՝ հայտարարում է Էդուարդ Շարմազանովը:

Չէ՛, մեզանում նույնիսկ չգտնվող ոզնուն է պարզ, որ մարդու իրավունքների պաշտպանություն ասվածն ու ՀՀԿ-ին նույն հարթության մեջ դնելը շատ ավելի մեծ մեղք է, քան Աստվածաշնչում նկարագրվող բոլոր  յոթ մահացու մեղքերը, բայց եթե նույնիսկ, Զատկին ընդառաջ, առաջնորդվենք իսկական քրիստոնեական բարեսրտությամբ, չենք կարող չնկատել, որ նախ՝ ՀՀԿ-ն երբեւէ ընտրողի առջեւ նման հարցադրմամբ հանդես չի եկել եւ որեւէ պատասխան չի ստացել, եւ հետո՝ ընտրացուցակները, որոնց գաղտնիության մասին այդքան խոսվում է, իրականում բոլորովին էլ գաղտնի չեն: Շատ կոնկրետ անուն-ազգանուններով՝ դրանք ընտրություններից առաջ մշտապես հրապարակվում են, եւ խոսքը սոսկ ընտրություններից հետո՛ հրապարակվելիք ցուցակների կամ իրական ընտրողների իրական թիվը պարզորոշ դարձնելու մասին է:

Գաղտնիության մասին, ուրեմն, գոնե մարդու իրավունքների պաշտպանության մասով, ծիծաղելի է որեւէ փաստարկ հորինելը: Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, մենք հասկանում ենք, իհարկե, որ ՀՀԿ-ն շատ կկամենար տեսնել դրանց արդյունքները՝ կոնկրետ հասցեատերերով, որպեսզի հետագայում հենց ինքը կոնկրետ պատժամիջոցներ ձեռք առներ «կարգազանցների» առնչությամբ, բայց ոչնչով օգտակար լինել չենք կարող:

Այո՛, քվեարկությունը մեզանում գաղտնի է, եւ յուրաքանչուրն ինքը պիտի որոշի, թե որ քաղաքական ուժի օգտին է քվեարկելու: Բայց այդ հանգամանքը որեւէ կապ չունի ընտրացուցակների հրապարակման պահանջի հետ, եւ եթե ընդդիմությունը կամենում է վստահ լինել, որ ենթադրենք՝  նախապես հաշվառված Արմեն Գեւորգի Ստեփանյանն իրոք գոյություն ունի եւ այսինչ օրն իսկապես ներկայացել է ընտրատեղամաս, դա բոլորովին չի նշանակում, թե ընդդիմությունը պահանջում է, որ իշխանություններն Արմեն  Ստեփանյանի քվեարկության արդյունքնե՛րն էլ հրապարակեն, ինչն, իհարկե, գաղտնի է: Դա ընդամենը նշանակում է, որ ընդդիմությունը եւ մեր հանրությունը պահանջում են, որ ընտրություններից հետո նույնպես հրապարակվեն այն տվյալները, որոնք արդե՛ն իսկ հրապարակվել են մինչեւ ընտրությունները:

Նպատակը մեկն է՝ վերահսկել եւ ակնհայտ դարձնել կեղծիքների այն ողջ ծավալը, ինչն անհրաժեշտ պահին եւ համապատասխան ատյաններում, դրանց թվում՝ սահմանադրական դատարանում, այդչափ «դժվար ապացուցելի» է դառնում սոսկ ընտրություններից առաջ հրապարակված ընտրացուցակների միջոցով:

Բնականաբար, հիմնականում մեռյալների եւ ուրվականների «ծառայություններից» օգտվող ՀՀԿ-ին ձեռնտու չէ իրականության նմանօրինակ վերհանումը, եւ ակնհայտ է, թե ինչու էր  «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում նույն Էդուարդ Շարմազանովը փորձում նենգափոխել հարցի էությունը՝ դրան մեկ սրբազան գաղտնիության երանգ հաղորդելով, մեկ՝ հեգնելով: Իբր՝ ընդդիմությունը կարող էր նաեւ իր վստահված անձանց միջոցով վերահսկել ընտրությունները, բայց դա նրան չի հաջողվում, որովհետեւ  մի կողմից չի կարողանում անգամ բոլոր տեղամասերը ծածկել, մյուս կողմից էլ անմիաբան է եւ նույնիսկ ինքն իր ներսում չի կարողանում պարզել, թե ով է իրական ընդդիմությունը Հայաստանում:

Ստեղծված պայմաններում, երբ իշխանությունն ամեն ինչ արել է քաղաքական դաշտն ամայացնելու, ընդդիմությանը վարկաբեկելու, ջլատելու, «հաճախորդների» ինստիտուտի ներդրմամբ՝ հնարավոր ամեն բան լղոզելու, վարչական ռեսուրսներից բացի՝  բոլոր մնացած հանրային, այդ թվում՝ նյութական ռեսուրսները սեփականելու համար, կատարյալ ցինիզմ է այսպիսի պնդումը: Բայց եթե խոսում ենք հանրային շահի տեսանկյունից՝ ինչպես նույն փոխխոսնակն է առաջարկում, այն, իհարկե, գոնե սկզբի համար ամփոփվում է ընտրացուցակների պարտադիր հրապարակման պահանջի շրջանակներում:

Թե չէ՝ բանի նման չէ ընտրություններից մի քանի օր առաջ պարզել, որ երկու նոր զարմիկ եւ բազում ծանոթներ ունես, որոնց չես ճանաչում՝ ինչպես, օրինակ, իմ դեպքում պատահեց, եւ է՛լ ավելի վատ է Շարմազանովի օգնությամբ նրանց չհանդիպել ու չճանաչել գոնե ընտրատեղամասերում…

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի նախկին ՆԳ նախարարը նախազգուշացնում է’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Վարդենյաց Լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’