‘Գործ ունենք «Հարսնաքար 2»-ի հետ. «Հրապարակ»’

1440

«Հրապարակը» գրում է. «Երեկվա մեր հոդվածը՝ կնոջ և դստեր աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված ու երկու օրից հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մասին, ցնցել էր բոլորին: Փաստորեն, գործ ունեն «Հարսնաքար 2»-ի հետ:

 Սպանվածի դին երեկ ընկերներն ու հարազատները հողին հանձնեցին: Բայց նրանց համար պայքարը նոր է սկսվում, նրանք պատրաստ են կյանքի գնով պայքարել, որ արժանի պատժի ենթարկվեն իրենց եղբոր, մարտական ընկերոջ, հոր ու ամուսնու կյանքը դաժանաբար ընդհատած «գազանները»:

 «Մենք ապավինելու ենք արդարադատությանը և սպասելու ենք վերջին, եթե արդարադատությունը չեղավ այնպես, ինչպես ճիշտն է, մենք կդիմենք տարբեր տեղեր և միջոցների»,- ասում է «Սուրմալու» ջոկատի հրամանատար ազատամարտիկ Արթուր Խաչատրյանը, ում ջոկատում է մարտնչել հանգուցյալը:

 «Ինքն ընդհանրապես կոնֆլիկտային չէր, շատ հանգիստ, շատ խաղաղ, գրագետ, կարգին մարդ էր, լավ մարտիկ, որը ոչ մի անգամ պրոբլեմ չի ստեղծել, ու ցավում ենք մեծ կորստի համար»,- լրացնում է մեկ ուրիշ ազատամարտիկ՝ նույն ջոկատից Արթուր Մարգարյանը: Նա էլ դեռ հույս ունի, որ արդար քննություն կգնա, եթե ոչ՝ այդժամ կխոսեն: Վարդանին բոլոր ընկերներն են այդպես հիշում, ով կյանքն անգամ չէր խնայի ընկերոջ համար: Հիշում են, երբ Լաչինի ազատագրման ժամանակ նրա զինակից, այժմ հանգուցյալ Գագիկ Վարդանյանն ազդոսկրի շրջանում ծանր վիրավորվել է, և ջուր կամ սպիրտ չի եղել, որ ցեխաշաղախ ու արյան մեջ թաթախված վիրավորի վերքը մաքրեն ու ցավազրկող ներարկեն, Վարդանը լեզվով մաքրել է կեղտի մեջ կորած ընկերոջ մարմինը, որ սրսկելիս վարակ չանցնի:

Վարդանի քույրը՝ տիկին Մարիետան էլ իր հերթին է խոստանում՝ եթե արդարություն չլինի, և ծեծող «գազանները» խմբակային հանցագործության համար չպատժվեն, ինքը սեփական ձեռքերով արդարության կհասնի ու «տեռոր» կանի. «Հայաստանում այդ ժամանակ կհայտնվի Մարիետա Թումանյանը, որը տեռոր է անելու»: Հանգուցյալի կինը նույնն է ասում, թեպետ նրան առերեսման ժամանակ սպառնացել են, բայց նա չի վախենում»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ հանրահավաքը տապալվել է. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Սուրեն Բաբայանը ծրագրում է սկսել նոր եռերգության նկարահանումը ‘