‘Գուայդոն մեկնել է Կոլումբիա՝ բանակցելու Լիմայի խմբի հետ’

1187

Վենեսուելայի ազգային ժողովի խոսնակ Խուան Գուայդոն, որին տասնյակ երկրներ ճանաչել են ժամանակավոր նախագահ, ժամանել է Կոլումբիա՝ Լիմայի խմբի պետությունների ներկայացուցիչների հետ համաժողովին մասնակցելու համար: Բանակցությունների թեման են լինելու Վենեսուելայի ընդդիմության կողմանկիցների բախումները Կոլումբիայի սահմանն արգելափակող զինվորականների հետ: Այդ բախումների զոհ է դարձել առնվազն երեք մարդ, հարյուրավորները վիրավորվել են:

Բանակը Գուայդոյի խնդրանքով ուղարկված մարդասիրական օգնություն բերող բեռնատար մեքենաներին թույլ չի տալիս մուտք գործել Վենեսուելայի տարածք: Նիկոլաս Մադուրոյի կառավարությունն այդ մարդասիրական ավտոշարասյուների մուտքը համարել է օտարերկրյա ներխուժման նախերգանք և հայտարարել, որ երկիրը ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Կոլումբիայի օգնության կարիքը չունի:

 Կիրակի օրը Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ղեկավար Դիոսդադո Կաբելյոն հայտարարել է, որ Մադուրոն հաղթել է այդ դիմակայության ընթացքում: «Փետրվարի 23-ին տեղի ունեցավ այն, ինչ մենք ասել էինք՝ ոչինչ տեղի չունեցավ: Ոչ մի բեռնատար՝մարդասիրական օգնությամբ, որով մեզ վախեցնում էին, չանցավ սահմանը»:

Բոգոտայում Լիմայի խմբի խորհրդակցության նախօրեին Գուայդոն կոչ է արել սաստկացնել միջազգային ճնշումը Մադուրոյի նկատմամբ: Կարակասում հայտարարում են, որ նույնիսկ նոր պատժամիջոցները կառավարությանը չեն հարկադրի ընդունելու այն հումանիտար օգնությունը, որն ընդդիմությունն է խնդրել:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. ԼՂՀ նախկին վարչապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել ‘