‘Գրանորություն. Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը’

2291

Ժամանակները հաճախ պահածոներ են թվում՝ ժամկետի մեջ և ժամկետանց։ Պահածոյացված նորաձևություն, սպասք, նստել-վեր կենալու արարողություն,  ընտանեկան, ստեղծման պահից, հին դիմանկարներ, պարտադիր տուրուդմփոց ու․․․անվերջ, անդադար տալ-առնելու պարտականություն, մի խոսքով՝ զգացմունքների ցուցադրություն։ Ու կյանքը հետզհետե վերածվում է ժամանակատախտակի վրա շարված տարբեր ժամանակներով տարաների։ Շարվել ՝վախեցնում, աչքով են անում, գրավում, վանում, ծանրանում, ուրախ լուսավորություն են արթնացնում։ Հա, ի դեպ, ժամանակները մի հիվանդություն էլ ունեն, անվերջ ստիպում են ետ նայել․ մեկ-մեկ հետաքրքրությամբ, մեկ-մեկ՝ ստիպողաբար գրքերի մեջ նայելու ու էկրանի մեջ մտնելու, անցյալը փորփրելու անհասկանալի ցանկություն են առաջացնում։  Ու մի օր հանկարծակի նկատում ես, որ քո ժամանակաշրջանը ևս պահածոյանում է։ Ո՞ւ․․․  Ի՞նչ է մնում անել․․․  Հեչ․․․ Երևի ընդամենը տարայի վրայի ժամկետի մեջ լինելու թիվը ստուգել․․․

«Հանդիպում էինք շատ հաճախ մեզ մոտ գտնվող սրճարանում։ Ավելի ու  ավելի շատացած վիրավորները քարշ էին գալիս փողոցներում, հաճախ  չկոճկված շալվարներով։ Հանգանակություն էին հավաքում, կազմակերպվում էին «Ցերեկույթներ» սրանց համար, նրանց համար, մանավանդ «Ցերեկույթներ» հենց իրենց՝ կազմակերպողների համար։ Խաբել, սեռական  հարաբերություն ունենալ, մեռնել։ Ուրիշ բան անելն արգելվում էր։ Խաբում  էին կատաղորեն, խելքից-մտքից դուրս, զավեշտից և անհեթեթությունից  դուրս, թերթերում, ազդագրերում, ոտքով, ձիով, ավտոմեքենայով գնալու  ժամանակ։

Բոլորը դրանով էին զբաղված։ Թե ով մեկը մյուսից ավելի շատ կխաբի։  Շուտով այլևս ճշմարտություն չմնաց  քաղաքում։

Էն ամենաքիչ բանը, որ գտնում էինք 1914 թվին, հիմա ամաչում էինք դրանց համար։ Ինչին որ ձեռք էինք տալիս՝ խարդախված էր…, շաքարը, ինքնաթիռները, սանդալները, քաղցրեղենը, լուսանկարները, ինչ կարդում էինք, ինչ կուլ էինք տալիս, ծծում էինք, հիանում էինք, հռչակում էինք, հերքում էինք, պաշտպանում էինք՝ էս ամենը չար տեսիլքներ էին,  կեղծիք, դիմակահանդես»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Լուի-Ֆերդինանդ Սելինի  «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը՝ ֆրանսերենից Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ադրբեջանում ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը՝ ընդդեմ գնաճի’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Խաիմ Սուտինը. Նրա ժամանակը դեռ կեսճամփին է’