‘Գրիգոր Գուրզադյան. Երկրի երկինքը’

4166

Ես ամեն առավոտ դիտում եմ արեւածագը,

եթե անգամ արեւը ամպերի

ետեւում  թաքնվում է:

Ես ամեն գիշեր նայում եմ աստղերին,

եթե նույնիսկ երկինքն անթափանց է:

Ես  միշտ դիտում եմ, իմ հայացքը մի՛շտ

հավերժությանն է: Հետո՞ ինչ, որ շատ բան

չեմ հասկանում: Գոնե սիրուն է…

                            Գրիգոր Գուրզադյան, պատառիկներ իմ արխիվից

2006-ի ամռանն էր, երբ վերջին անգամ մեկնեցի Գառնի՝ հյուրընկալվելով Գրիգոր Գուրզադյանին: Հանդիպման առիթն այդ անգամ ցավալիորեն ամոթալի էր. «Գալակտիկա» տիեզերական աստղագիտության Գառնու կենտրոնը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գուրզադյանի աստղադիտարանը կարող էր վերածվել խոզանոցի՝ բառի ամենաուղիղ իմաստով:

ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Դոլիեւը, որը մինչ այդ հասցրել էր աստղադիտարանում վաճառել այն ամենն, ինչ հնարավոր էր վաճառել, համաձայնության գալով Գառնու՝ օրվա գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, որոշել էր աստղադիտարանի տարածքը վերածել խոզաբուծարանի, հընթացս նաեւ կրճատելով կոլեկտիվի մեծ մասին:

Մինչ Վարպետին հանդիպելն, իհարկե, փորձեցի նախ այդ երկուսին գտնել: Ապարդյուն` իհարկե: Փոխարենը, սակայն, գյուղացիներից արժեքավոր տեղեկություններ հավաքեցի այն մասին, թե ինչպես պատահեց, որ Գուրզադյանին ազատեցին աստղադիտարանի տնօրենի պաշտոնից:

Այդ ձայնագրությունը մինչեւ հիմա էլ պահպանվում է իմ արխիվում: Եւ, համաձայն դրանում հնչող ձայների, առիթը Ռոբերտ Քոչարյանի քինախնդրությունն է եղել:

Չի՛ ներել, Մարդուն «իրավարի» չի ներել փոքրոգին միայն այն պատճառով, որ օրերից մի օր որոշել է հայտնվել Գառնու աստղադիտարանում, իսկ Վարպետը, տեսեք-տեսեք, նախօրոք այնտեղ չի շտապել, ոտքերի տակ կարմիր գորգ, դիմացը՝ սուփրա-սեղան չի փռել: Դանդա՜ղ, անշտապ, քայլելով, ոտքերը ցեխոտելո՛վ է տեղ հասել տնից: Հետն էլ՝ «ոչ պատշաճ» հագնված:

Ասում էին՝ Քոչարյանը զարմացած ոտքերին է նայել: Գուրզադյանն էլ թե՝ ավելի լավ է ոտքերդ ցեխոտ լինեն, քան հոգիդ…

Ազատել էին, ուրեմն, աշխատանքից Գուրզադյանին, աստղադիտարանում մի սենյակ տվել ու թե՝ երբ կամենաք, կարող եք համենալ: Բնականաբար` Գիտությունների ազգային ակադեմիայի ձեռնասուն նախագահի ձեռամբ: 

Հետո, երբ մամուլում վերոնշյալ խոզաբուծարանի առիթով աղմուկ բարձրացավ, Ռադիկ Մարտիրոսյանը, հիշում եմ, հայտարարեց, թե կկազմվի «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհուրդ, Գրիգոր Գուրզադյանը, որ սխալմամբ է ազատվել աշխատանքից, կնշանակվի խորհրդի նախագահ, իսկ Դոլիեւն, այնուամենայնիվ, կշարունակի մաս կազմել խորհրդին:

Շատ պե՞տքն էր, որ Վարպետը խոզարածի գործընկերության կարիքը չուներ թեկուզ միայն այն պատճառով, որ տիեզերքում գոնե առայժմ խոզեր չեն բուծում: Եւ կամ որ՝ բոլոր այդ տարիներին, երբ օգնելու փոխարեն միայն խանգարել են, նա գլուխը կախ ոչ միայն կարողացել էր 700 հոգանոց կոլեկտիվի գոնե օրվա հացի խնդիր հոգալ, այլեւ մեր փոքրիկ երկրի անունը հնչեղ պահել աշխարհի հզորների կողքին…

Հենց այդ օրը, երբ ես Գառնու իր տանն էի, նա լավ լուր ուներ. ամերիկյան ՆԱՍԱ-ն իր միջոցներով հրատարակել էր Գուրզադյանի գիրքը, եւ մի քանի օրինակ էլ այդ առավոտ Գառնի էր հասել:

Բացեցի՝ ոչինչ չհասկացա. սոսկալի բարդ տեքստեր էին, նույնքան բարդ՝ էջանոց բանաձեւերով: Բայց ենթավերնագրերը հրաշք էին: Դրանցից մեկը մինչեւ հիմա դաջվել է գլխումս՝ Մեռնող աստղի վերջին հոգոցը…

Վարպետը պատմում էր, որ գործը համակարգող մի աշխատակցուհի, երբ վերջին զանգ է արել իրեն՝ ինչ-ինչ աշխատանքային խնդիրներ ճշտելու նպատակով, զրույցի կեսից սկսել է հեկեկալ: Ասել էր՝ Ձեր գիրքը ոչ միայն աստղագիտություն է, այլեւ` պոեզիա: Հետո հավելել էր, թե` մինչեւ դրա տպվելը գրքի հետ գործ ունեցած բոլոր գիտնականները ՆԱՍԱ-ում մերթ անզուսպ զվարճացել են, մերթ՝  լացել: Կնոջ խոսքի ամփոփումը նույնքան պոետիկ էր ստացվել, որքան Գուրզադյանի ենթավերնագրերը. «Երեւի ձեր երկրի երկի՛նքն է այդքան սիրուն»…

…Գառնիում մենք Վարպետի հետ ինչի մասին ասեք՝ զրուցեցինք: Եւ Կորոլյովին հիշեցինք, եւ Օրոն 2 աստղադիտակի ստեղծման ընթացքը, եւ Սոյուզ-13 տիեզերանավը, եւ Սարոյանին, որ հայտնի է՝ չափազանց էր սիրում նրան: Վիկտոր Համբարձումյանին էլ չմոռացանք…

Վարպետն ասում էր, թե իրականում չափազանցված են իր ու Համբարձումյանի վատ հարաբերությունների մասին լուրերը: Ասաց՝ հզոր, անպատմելի պրպտուն գիտնական էր, բայց նաեւ՝ ողբերգական, որովհետեւ չէր ուզում ընդունել, որ ապագան տիզերական աստղագիտությանն է, որ գետնի վրայի աստղադիտարաններն այլեւս անօգուտ, անպետք բաներ են, համարյա՝ թանգարան, եւ որ իրական աստղադիտարաններն այսուհետ պիտի տիեզերքում ստեղծել: Ավելի ստույգ՝ երկրաշուրջ ուղեծրում:

Հետո ափսոսեց, որ Սերգեյ Կորոլյովն այդքան կարճ ապրեց՝ չհասցրին միասին բազում հետաքրքիր գիտական ծրագրեր առաջ տանել, Կարեն Դեմիրճյանին գովաբանեց, որն անընդհատ իր կողքին է եղել եւ պաշտպանել նրան կուսակցական դարձնելու՝ ոմանց եռանդից ու չարակամությունից:

 Նախագահ Տեր-Պետրոսյանին անդրադարձավ՝ ափսոսանք հայտնելով, որ «ինչ-ինչ ուժերի հաջողվեց ջլատել նրա եւ ժողովրդի միջեւ առկա հզոր աննյութեղեն կապը»: Համոզված պնդեց, որ նախ` աննյութական, ապա նաեւ` երեւութական աշխարհում են կատարվում բոլոր պրոցեսները, ուրախացավ, տխրեց Հայաստանի համար, վերջին գեղանկարները ցույց տվեց, մի քանի բանաստեղծություն կարդաց, էսսեների գիրքը նվիրեց՝ մակագրությամբ, հին լուսանկարներ, տղայի՝ Վահագնի հաջողությունների մասին պատմեց մեծ հպարտությամբ եւ, իհարկե, իր ձեռքով աճեցրած միրգ ու բանջարեղեն հյուրասիրեց այն չքնաղ պատշգամբում, որտեղ նստած՝ անհնար էր չհավատալ, որ մի օր անպայման լավ է լինելու:

Որ մի օր մարդն իրեն տիեզերքի մասնիկ կզգա վերջապես, որ մայրերն այլեւս չեն սարսափի իրենց զավակների ապագայի համար, եւ հայրերն ապշանքից չեն քարանա՝ մտածելով, թե ինչ պիտի լինի սրա վերջը…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Վիճակահանություն. Մեր մրցակիցների հետ հանդիպումների պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ’