‘Գրողից դեպի ընթերցող. Ֆիլիպ Ռոթը լքում է գրական ասպարեզը’

3566

Ես չեմ հարցնում գրողներին իրենց սովորությունների մասին: Դրանք ինձ իսկապես չեն հուզում: Ասում են՝ երբ գրողներն իրար հարցնում են գրելու, դադարների ժամերի, ընդմիջումների քանակի մասին, իրականում ուզում են հասկանալ՝ «արդյոք նա այնքան խենթ է, որքան ես»: Ես այդ հարցի պատասխանի կարիքը չունեմ:

Ֆիլիպ Ռոթ

Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն է: Ռոթի վեպերը ԱՄՆ-ի ընթերցողներն ու քննադատները մշտապես սիրով ու հիացմունքով են ընդունել՝ հաճախ անվանելով նրան գլխավոր վիպասանը Ուիլյամ Ֆոլքներից հետո: Արդեն ժամանակակից դասական համարվող Ռոթն իր վեպերում անդրադառնում է անձնական, ազգային ու համամարդկային խնդիրներին՝ այդպիսով միավորելով բոլոր ազգերի ներկայացուցիչներին՝ ամերիկացիներին, ռուսներին, հրեաներին («Իմ տղամարդկային կյանքը»), խաղում ժամանակատարածական տիրույթների հետ («Սովորական մարդը»), մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացնում մի ամբողջ դարաշրջան («Դավադրություն Ամերիկայի դեմ»): Սիրելի կերպարներին Ռոթը տեղափոխում է մեկ վեպից մյուսը՝ այդպիսով սերտ կապեր գտնելով ամերիկացի մյուս մեծ գրողի՝ Կուրտ Վոննեգուտի հետ:

Ստեղծագործական ուղու ընթացքում քառասունից ավելի մրցանակների շարքում են Գրաքննադատների միության ազգային մրցանակը (the National Book Critics Circle Award)՝ «Ժառանգություն. իրական պատմություն» հուշերի, Ֆոլքների անվան գրական մրցանակը (the PEN/Faulkner Award)՝ «Գործողություն «Շերլոք»», «Սովորական մարդ» և «Մարդու խարան» վեպերի, ԱՄՆ-ի գրքի ազգային մրցանակը (National Book Award)՝ «Շաբաթի թատրոնը» գրքի և, ամենակարևորը, Պուլիտցերյան մրցանակը՝ «Դավադրություն Ամերիկայի դեմ» հանրահայտ վեպի համար:

Ասում են՝ արվեստագետների կյանքն ավարտվում է այն ժամանակ, երբ նրանք դադարում են ստեղծագործել: Սակայն, Ֆիլիպ Ռոթը ոչ միայն որոշում է կայացրել այլևս չստեղծագործել, այլև հայտարարում է, որ հիմա ավելի երջանիկ կյանքով պիտի ապրի: Վերընթերցել սիրելի վեպերն ու նոր հայացքով գնահատել սեփականները՝ ահա Ռոթի ծրագիրը, ինչի մասին նա հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde ամսագրին, որը հակիրճ կներկայացնենք ստորև:

Ե՞րբ եք որոշել վերընթերցել Ձեր բոլոր գրքերը:

— Նախ և առաջ պետք է ասել, որ վերջին երեք տարիներին գեղարվեստական գրականություն չեմ գրել: Իմ կենսագրի համար արխիվային նյութեր հավաքելն այն ամենն է, ինչ արել եմ: Եթե ես գտնում եմ փաստաթուղթ, նշումների փաթեթ կամ նամակ, իսկ դրանք ես գտնում եմ հարյուրներով, ստիպված եմ լինում բացատրել կենսագրիս՝ ինչ նշանակություն ունի դա ինձ համար, ինչ պայմաններում և ինչպես է հասել ինձ, ովքեր են ներգրավված այդ պատմության մեջ: Ասես, դատական գրություն լինի: Եվ, հավատացեք, սա ավելի դյուրին է, քան գեղարվեստական գրականություն գրելը: Ես ընդամենը մեկ սևագիր եմ անում, որը ոչինչ է գեղարվեստականի անվերջ գրել-ջնջելու և բոլոր այն կասկածների համեմատ, որոնք զգում էի ստեղծագործելիս: Ես զբաղեցրել եմ ինձ՝ իմ կյանքի փաստաթղթային արխիվը հավաքելով և կենսագրիս տրամադրելով: Չեմ ուզում այլևս գեղարվեստական գրականություն գրել. հիսուն տարվա պայքարը բավարար էր: Ես այլևս չեմ ցանկանում գրականության ծայրահեղությունների գերին լինել: Ես իմ տաղանդը դեն եմ նետել և կարող եմ ազատ շունչ քաշել: Երեք տարի առաջ, երբ թողեցի գրելը, որոշեցի ազատ ժամանակս տրամադրել իմ՝ երիտասարդ տարիքում ամենասիրելի գրողների ստեղծագործությունները վերընթերցելուն. նրանք էին Դոստոևսկին, Տուրգենևը, Քոնրադը, Ֆոլքները, Հեմինգուեյը, Չեխովը…

— Իսկ Կաֆկա՞ն:

— Ես Կաֆկային բավականաչափ կարդացել եմ իմ կյանքում և հագեցել նրանից 1970-ականներին, երբ կարդում էի, ուսումնասիրում, սովորեցնում, իսկ հետո վերընթերցում նորից ու նորից: Իսկ իմ ամենասիրելի մեծերին վերընթերցելուց հետո որոշել եմ վերընթերցել արդեն իմ սեփական գրքերը:

— Դուք երբևէ արե՞լ եք նման բան նախկինում:

— Միայն ընդմիջումներով, և այն էլ՝ հատված-հատված: Ուզում էի հասկանալ՝ արդյոք արդյունքն արժեր այն չարչարանքը, որը ներդրվել է: Սկսեցի ծայրից՝ իմ վերջին գրքից` «Նեմեսիսից» և շարունակեցի կարդալ մինչև «Պորտնոյի բողոքը», քանի որ առաջին չորս գրքերն ընթերցելը հետաքրքիր չէր:

— Բայց «Պորտնոյի բողոքը» նշանակալից վեպ է:

— Իմ առաջին չորս գրքերում ես փորձում էի հասկանալ՝ ինչպիսի գրող եմ ես: Բնականաբար, այդ ժամանակ ես չէի գիտակցում, թե ինչ եմ անում, բայց հասկանալը, թե ով եմ ես, հենց այն էր, ինչ անում էի. փորձում էի առաջինը, հետո՝ երկրորդը, այնուհետև՝ մեկ ուրիշը… Ի՞նչ էի փնտրում ես: Որտե՞ղ է իմ հզորությունը: Որտե՞ղ է իմ ուժը: Որտե՞ղ է իմ խոսքի սահունությունը: Ի՞նչը լավագույնս կպահպանի իմ տեքստի էներգիան… Երբ ես փոքր էի, մենք ունեինք բռնցքամարտի հզոր չեմպիոն Ամերիկայում: Սևամորթ ծանրքաշային չեմպիոնը՝ Ջո Լյուիս անունով, մեծ կռվող էր, հավանաբար դարաշրջանում մեծագույնը՝ Դեթրոյթում ծնված, գրեթե անկիրթ, ծանր մանկություն ունեցած և այլն: Նա լքեց բռնցքամարտը երբևէ չպարտված: Եվ երբ Ջոն հեռանում էր, լրագրողները հարցրին նրան իր անցած ուղու մասին, և նա պատասխանեց հակիրճ, մի քանի իմաստուն, սքանչելի բառերով. «Ես կարողացել եմ անել առավելագույնը նրանով, ինչ ունեի» (I did the best I could with what I had.):

— Այսպիսով, Դուք ևս ցանկանում եք հեռանալ, քանի դեռ անհա՞ղթ եք:

-Ա՜հ, ես բազմիցս պարտվել եմ: Բայց ես ևս կարողացել եմ անել առավելագույնը նրանով, ինչ ունեի:

— Դուք ասում եք, որ մի քանի վեպ եք գրել վախի մասին՝ ներառյալ «Դավադրություն Ամերիկայի դեմ» և «Նեմեսիս» վեպերը: Ինչու՞:

Ինչու՞ այդ հարցը Կաֆկային չեք տալիս:

— Երեխաներ ունենալու դեպքում, Դուք կցանկանայիք, որ նրանք գրող չդառնային: Սակայն, ինքներդ ընտրել եք գրողի ուղին…

-Երբ դու որոշում ես «դառնալ գրող», գրեթե ոչ մի պատկերացում չունես այդ աշխատանքի մասին: Սկզբում գրում ես՝ հիմնվելով դեռևս չգրված ու գրված աշխարհների քո սահմանափակ փորձի ու ճանաչողության սահմաններում: Լի ես բնական առատությամբ: «Ես գրո՜ղ եմ» ոգևորությունը շատ նման է «Ես սիրուհի ունեմ» արտահայտությանը: Եվ այս երկուսն էլ հիսուն տարվա ամենօրյա աշխատանքից հետո դառնում են ծանր, և դժվար է գրող լինելը համարել մարդկային գործունեության ամենահաճելի բաներից մեկը:

— Դուք երջանի՞կ էիք:

Իհարկե՜: Ես 1930-ականներին ծնված ամերիկյան գրողների ետհեմինգուեյյան սերնդից եմ՝ արբած ֆլոբերյան գեղարվեստական ֆանատիզմով, քոնրադյան բարոյական խորությամբ, հենրիջեյմսյան կառուցվածքային հմտությամբ, ովքեր հավատում էին, որ ոտք են դրել սրբակոչման ուղի: Մեծագույն գրողները երևակայության սրբեր էին: Ես ևս ցանկանում էի նմանատիպ սուրբ լինել:

-Ըստ Ձեզ՝ գրող լինելը մեծ լարում է պահանջում: Դա կարո՞ղ է, արդյոք, նաև հաճույք պատճառել:

— Այո: Գրող լինելը հաճույք է պատճառում մեկ կամ երկու շաբաթ, երբ դու ավարտում ես մեկ վեպը և հանգստանում, քանի դեռ չես սկսել մտածել հաջորդ վեպը գրելու անկարողության մասին:

— «Ըստ ընկերների՝ պրն Ռոթի չգրելու գաղափարը հավասարազոր է պրն Ռոթի չշնչելուն». գրել էր Չարլզ ՄաքԳրաթը Նյու Յորք Թայմզում: Ինչպե՞ս արձագանքեցիք սրան:

— Ինչ-որ առումներով այդպես էլ կա, բայց դա ռոմանտիզմ է: Ես լավ կլինեմ առանց գրելու: Միգուցե՝ ավելի երջանիկ: Անկեղծ ասած՝ ես արդեն ավելի երջանիկ եմ զգում ինձ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով:

Աննա Նաղաշյան

Նախորդ հոդվածը‘Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարի կողմից բռնության ենթարկված սարկավագը դիմել է Օմբուդսմենին’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներին վիրավորող քաղաքացին «Երեւանտրանս» ՓԲԸ-տնօրենն է (տեսանյութ)’