‘«Գրողուցավ»-ից. Արփի Ոսկանյան. Ֆանտազիա՝ էն թեմայով’

1335

Ես հույս ունեմ, որ նա կկարդա այս շարքը

և կհրավիրի ինձ քննարկելու այն որևէ սրճարանում,

կպատվի օղի, զեյթուն, կիտրոն,

— Լավ է, – կասի,

հետո կառաջարկի իր տուն տեղափոխվել

քննարկելու համար հանգիստ ու ավելի մանրամասն:

Եվ մինչ ես, կոնյակի բաժակը ձեռքիս,

կճեմեմ ֆուգաների ու տոկատաների հնչյունների ներքո`

ուսումնասիրելով նրա գրադարանը

արածող պախրայի հայացքով,

նա դուրս կցատկի պահարանի հետևից

սատիրի պես մերկ, կհամարձակվի վրաս և

քարշ տալով ինձ գրասեղանի մոտ`

ականջիս մեջ թաց կշշնջա.

— Շարքը, որ տպել ես, թույլ է,

Հիմար ոտանավորների մի բույլ է`

Սենտիմենտալ, ծեծված, կնիկական`

Առումներով թե թեմատիկ, թե ոճական:

Ես ինքնապաշտպանության փորձեր կանեմ`

ապացուցելով, որ ճշմարտությունը սիրում է ծեծվել,

ինչպես և` շատ կանայք, ու ոչ ոք

իրավունք չունի զրկել նրանց դրա իրավունքից,

և որ անիմաստ է բանաստեղծություն գրելը,

եթե սենտիմենտալ հիմարություններ

պիտի դուրս չտաս…

— Բանաստեղծություն գրելուդ իմաստը

Պարզ է` սիրահարությանդ փաստն է,

Բայց ձիդ Պեգաս չէ, ու Պառնասն անհաս է,

Սիրահարվելը քեզ, ջանիկս, շատ վնաս է:

Ես կմկկամ մատաղացու գառան նման,

կմկկամ ու կկերկերամ, թե սիրահարվելը

բանաստեղծություն գրելուց կարևոր է,

անհուն մանթռաժից

աչքերիս անկյուններում գոյացած

արցունքի կաթիլները կգլորվեն այտերս ի վար,

իսկ նա կտարուբերի գլուխը

և մարմին փշաքաղեցնող ձայնով կորոտա.

— Լսի’ր, որդի’ս, պատգամ որպես,

Դու իրավունք չունես գրել այսպես,

Միայն մեծ, հզոր, անձեռակերտ, անեղծ,

Տիեզերակործան ու տիեզերաստեղծ:

Եվ կնայի ինձ, ինչպես Պանտոկրատորը գմբեթատակից`

հղփացած օլիգարխի անթափանց, չնկատող հայացքով,

ձեռքս կտա իր ոսկեծայր «Parker»-ը,

— Գրի’ր, – կհրամայի,

ու կգրեմ նրա մարմնի վրա`

մեսրոպատառ,

լեզվով հեզաճկուն, հազարագանձ… Հայո’ց:

2004

www.groghucav.am

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հուսով եմ, որ երկրպագուներն ինձ կհասկանան’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային վճարել տարեկան 25 միլիոն եվրո’