‘«Գրողուցավ»-ից. Գայանե Առուստամյան. Համբարձում կամ պսակս`շիրմաքարերին’

1457

Սովետական Մանաշիդի քաղաքացիները` չարքաշ գյուղացի իմաստով, եկեղեցու դռանը հավաքվում էին հաց ստանալու: Դա տեղի էր ունենում տարին մեկ անգամ, «աշխօրի օրը», աշնան վերջում, երբ ցորենը ամբարում էին գյուղի եկեղեցում:  Իսկ մինչ այդ, եկեղեցին կլոր տարին գրեթե փակ էր լինում ու հանձնված` իմ տրամադրությանը:  Քանի որ տառերն ինձ շատ շուտ էին սովորեցրել` պապս, ավելի ճիշտ` պապիս պապը, հարյուրամյա Համբարձում Յայլոն, ինչպես դիմում էին նրան իր տարեկիցները, առաջին տեքստը, որ ես կարդացի, եկեղեցու ճակատին գրած գրությունն էր. «Այս եկեղեցին կառուցել են Մանաշիդի բոլոր բնակիչները` բացի Սարգիս Նազարյանից»:  Գրությունը գրաբարով էր ու պապս շատ զարմացավ, երբ ես` երեք –չորս տարեկան հասակում, նրան հարցրի, թե. ո՞վ է Սարգիս Նազարյանը եւ ինչո՞ւ նա չի մասնակցել եկեղեցու կառուցմանը: Համբարձում պապիս կանաչ, նախշուն  աչքերը մի տեսակ վառվեցին, նուրբ ու թորշոմած դեմքին անբնական ժպիտ հայտնվեց, բայց նա չհարցրեց էլ,  թե. ինչո՞ւ եմ հարցնում, ինձ իր գիրկն առավ ու նախանշեց իմ ճանապարհը:

Եկեղեցու դռանն էինք, նա միշտ այդտեղ էր ոսկորներն արեւին տալիս ու, ինչպես հիմա եմ հասկանում, պահակ էր նստում Աստծու դռանը: Նա եկեղեցու սպասավորի` Տեր Եղիշ քահանայի որդին է եղել, ինքն էլ` սարկավագ, Էջմիածնի ճեմարանի սան, բայց չէր հասցրել քահանա կարգվել, որովհետեւ սովետները վրա էին հասել, հորը քշել սիբիր, իրեն`իրենց  տուն, որովհետեւ հաշմված է եղել, ձիուց ընկել, մեջքը ջարդել էր ու հիմա կուզիկ էր: Ծոռները նրան կուզիկ պապ էին ասում, ես` թաքուն լացում, որովհետեւ մեղքս գալիս էր:

Ես էլ չհարցրի նրան Նազարյանների, Նըզարանց մասին ու չհետաքրքրվեցի, թե ինչո՞ւ գյուղում այդ տոհմի մարդկանց հետեւից «հարամ նըզըրեցի» են ասում: Բայց ընդհամենը մի 18 տարի անց, երբ գյուղում գրեթե ջահել չի մնա, եւ ոչ ոք` Իրիցանց ցեղից, պապի թոռներից, Նզարանց Նիկալը, լուսավոր մի տղա, սիրուն աչքերով, կկազմակերպի Մանաշիդի պաշտպանությունը ու գյուղը կլքի ամենավերջում, արցունք թափելով, Հայաստանից օգնության հասած Սասուն Միքայելյանի ջոկատի հետ: Իսկ Սասունը երկար կդիմադրի, ձեռը չի գնա, բայց կկատարի հորս խնդրանքը ու կպայթեցնի  իմ պապի տունը, որ թուրքին չմնա: Ջոկատն այդ տանն էր հանգրվանել, որովհետեւ գյուղամիջում էր ու զենքն էլ պահում էր ժայռափոր նկուղում, ուր փոքր ժամանակ իրար հրմշտելով ու  վախով էինք մտնում տաշտից հաց ու կարասից պանիր վերցնելու, քանի որ մութ ու շատ սառն էր այնտեղ:

Դառնալով եկեղեցուց քիչ հեռու կառուցված գյուղի կլուբի սրահի հատակին շարքով նստած  մեծամեծերին` փափախչի Թունիին, Հըրպետանց Հաբելին, Մղդուսունց Հաթամին, Ղարսունց Մեխակին, Պըտրուսանց Թունիին, Նզարանց Կոլիին, Սհականց Ալեքսանին, Իրիցանց Առուստամին….հազար օղորմի…., ասաց. «Էս շենը մի օր թորքին կմնա, Սարը-սուեցոնց (գյուղի վերեւի լանջերում թառած թուքրքական գյուղն էր) էս եղեցին` միակ կանգուն շենքը, բայց էս ըրեխուն յաշեք, սա կյիրինգեց կըլնի (գրագետ երեւի) սայա պատմելու մեր գյուղի դարդը, քոռ մնամ ես»: Հետո դարձավ ինձ ու թե. «Գնա քարի նովից ջուր բեր խմենք, համա ճամփին շենի քունջուպուճախին ուշադիր եղիր, որ միտդ պահես»:  Ես ընդամենը երեք-չորս տարեկան էի ու քարի նովից հազիվ մի փոքրիկ, կաթի համար նախատեսված բիդոնով էի ջուր բերում պապիս:  Մեծամեծերն ըստ տարիքի, հերթով բիդոնի կափարիչից խմում էին, տակը մնացած մի քանի կաթիլը ցփնում ինձ վրա ու ասում. «գյանքդ էս ճրին նման էրգյան ինի, բալա»:

Էդ դեպքից հետո էր, թե ավելի վաղ, ես եկեղեցու շուրջը կածաններ էի գցել: Ուսումնասիրում էի պատերը, քարերը, նախշերը ու շատ էի ուզում ներսում հայտնվել: Ինձանից տարիքով ու հասակով մեծ երեխաներին հաջողվում էր բարձրանալ նեղ պատուհանի գոգին ու թռչել ցորենի կույտերի մեջ: Ինձ դա չէր հետաքրքրում, ես ուզում էի իմ աչքով տեսնել այն, ինչ կա տաճարում` բեմը, խուցը, որտեղ տեր Եղիշը վեղարն է փոխել, Գրքի համար նախատեսված խորշը, քարի սանդը, որի վրա դրել են հանգուցյալներին:  Հետո, երբ արդեն բոյըս կհասնի, ես կթափանցեմ ներս ու ոչինչ չեմ տեսնի, բայց մինչ այդ, ես ապրում էի եղեցու բակում:  Հետեւի կողմում տապանաքարեր կային, հին, մամռոտ, գրությունները հազիվ նշմարելի: Գյուղի գերեզմանները, «հանգստարանը» կամ «ծառին տակը» հանդիպակաց լանջին աճող դարավոր պոպոքի ծառերի պուրակում էր: Պապս ասում էր` աչքս բացել եմ, էս ծառին տակը եղել է: Իսկ ինքն աչքը չէր էլ հիշում թե երբ էր բացել ու նրա տարիքն այն պահին, երբ ես ընդամենը մի չորս տարի էի տրորում Մանաշիդի հողը, մոտավորապես մի 90-նն էր,  ու ես հասկանում էի, որ եղեցին իրոք շատ հին է, տապանաքարերը` նույնպես, որովհետեւ անտեր էին, հարազատ չունեին այցելող: Ու ես որոշեցի լինել նրանց հարազատը: Բայց խնամելն անհնար էր իմ ուժերի համար, քանի որ ամբողջ գերեզմանատունը ծածկված էր տոռտոռով, ավելուկի բարձր թփերով ու սիզախոտով: Այդ քարերն, ի տարբերություն «ծառին տակի» մեռլաքարերի, որոնց վրա նկարներ կային, ինձ չէին վախեցնում: Ու ես ձեռքերով կամ սուր թերթաքարի կտորով ինչքան կարողանում էի, քերում, մաքրում էի, բացում գրությունները ….«Այս է տապան…»,  ու ամբողջ օրը պսակներ էի հյուսում երիցուկներից, կլոր պսակներ, ու զարդարում էի տապանաքարերը: Ինձ երբեմն միանում էին հարեւանի աղջիկները, բայց` պախկվոցի խաղալու, որովհետեւ տեղը հարմար էր թաքնվելու համար: Ու թռթռում էր կյանքը Մանաշիդում, մահվանից հետո ու մահվանն ընդառաջ:

Պապս էր ինձ սովորեցրել պսակներ հյուսել ու տեսնելով, որ ստացվում է, ասում էր` «ղուբավ (հմուտ) թըթերիդ մատաղ»: Հիշում եմ, գարուն էր, պապն էլի եղեցու դռանը, էն որ մուտքի մոտ, երկու կողմից  քարե աստիճանի պես բաներ են լինում, դրանցից մեկի վրա արեւկող արած, քթի տակ ինչ-որ շարական ձգած, պսակ էր հյուսում: Ինձ մոտ կանչեց, պսակը դրեց գլխիս ու ասաց, որ չի հիշում արդեն, բայց երեւի հիմա ծաղկազարդի, թե՞ համբարձման օրն է: Հետո պատմեց այդ օրվա խորհրդի մասին, պատմեց, թե ոնց էր հերը ծես անում, ու ես նրա աչքի անկյունում փայլուն հատիկ նկատեցի, որն արագ սրբեց ու ասաց. «գնա, քե մատաղ, գնա խաղ արա»:

Մանաշիդ գյուղը աստիճանավոր էր: «Շմփրեն պտոկ» կոչվող (կայծակներ էին շամփրում գագաթը) բլրի լանջից աստիճաններով, թաղ-թաղ իջնում էր մինչեւ ձորի գետակը, որի մեջ լցվում էին Զորավորի, Քարի նովի ու հարյուրավոր այլ աղբյուրների ջրերը: Ձորից էլ` կետին  էն ղոլին (գետի այն կողմում) արտերն էին, ցորենի արտերը, որոնք արդեն մեղմ կորությամբ իջնում էին դեպի մյուս գետը, որն ավելի վարար էր: Իսկ ահա գետի այն կողմում անտառն էր ու Չիքը: Չիքը բարձր լեռ էր, մի կողմը` վիհ, վիհի տակ` աղբյուր: Պատմում էին, որ պապիս հոր` Եղիշի առաջին կինը հուրի-փերի է եղել, ասպատակության ժամանակ թուրքի փաշան նրան գողացել է: Որ հասել են ժայռի գլուխը, էս կինը խնդրել է դադար առնել ու իրեն հպատակված է ցույց տվել: Երբ կապերն արձակել են, նա նայել է դեպի գյուղն ու նետվել անդունդը: Թուրքերն ասել են` չքվեց: Իջել են ձորը, դիակը չեն գտել, բայց ընկած տեղում աղբյուր է բխել: Ու այդ վայրը ստացել է «Չիքին տակ» անունն ու դարձել ուխտատեղի:

Ես քնում էի պատուհանի տակ ու գիշերները Մանաշիդի երկնքում միլիոնավոր աստղեր էին վառվում: Լուսինն այնքան խոշոր էր լինում, որ լուսավորում էր ցորենի արտերն այնքան պայծառ, որ ինձ թվում էր, թե տեսնում եմ ամեն մի հասկը: Եվ ամեն անգամ, երբ պարզկա գիշեր էր լինում, ես պատկերացնում էի պապիս պատմությունները` բացվում է երկինքը ու հարյուրավոր հրեշտակներ ծաղիկներ ու աստղեր են թափում երկնքից: Պատկերացնում էի պապիս` սպիտակ շապիկով, արտի կենտրոնում ու ինձ` երիցուկե պսակով ու երկար շորով: Ու երգ էր հնչում` «Համբարձում յայլա, յայլ ջան յայլա»: Ինչո՞ւ հենց այդ: Որովհետեւ մորաքույրս այդ օրերին Թումանյան էր անցնում ու դասը բարձրաձայն էր սովորում եւ նրան զուգահեռ ես անգիր էի անում, հարուցելով տանեցիների ու հատկապես պապիս հիացմունքը: Եվ ինձ թվում էր, որ էդ երգն իմ Համբարձում պապի մասին է գրած:  Երբ մատիտներ էին տալիս նկարեմ, որ մի քիչ սսկվեմ ու հարցեր չտամ, իրենք էլ դընջանան, ես նկարում էի այդ տեսարանը ու ինձ` երիցուկի պսակով: Հետո պատկերացնում էի, թե ինչպես եմ մեծանալու ու պապս իմ պսակն օրհնելու է երիցուկի քողով:

Մորաքույրս է եղել մոտը: Պապս` որդին, տանը չի եղել, առավոտ վաղ գառները գետն անցկացնելիս է եղել որ խառնի նախրին: Կանչել է մորաքրոջս ու ասել. «Ես մահանում եմ, դուք լաց չլինեք ….» ու անուն առ անուն հիշել է գյուղից բացակայող բոլոր թոռներին….ինձ էլ է հիշել … հետո շուռ է եկել դեպի պատը ու թունդ հոգոց հանել: Մորաքրոջս թվացել է թե պապն է էլի, երեւի ցնդել է: Մի քանի ժամ անց, երբ արեւն արդեն ծագել է, բայց պապը տեղից չի ելել, եկել է տեսնի, թե ի՞նչ է եղել: Եկել ու գտել է պապին` համբարձված:

Մանաշիդում ձմեռը երկար է լինում: Մարտ ամսին դեռ ձյուն է լինում ու մռայլ եղանակ: Պապիս հետ հրաժեշտ տալու օրերին երկինքը բացվել է ու արեւ է արել, իսկ հետո` նորից մռայլվել:

Ես նրա գերեզմանը չեմ տեսել, երեւի թուրքերն ավերել են Մանաշիդի գրավումից հետո: Հաստատ ավերել են: Ինձ այդպես էլ չի հաջողվի նրա շիրիմին պսակներ հյուսել: Բայց մի օր նա կդիմավորի ինձ, երիցուկի պսակը ձեռքին, նրբացած դեմքին փայլող ժպիտով, նախշուն աչքերով իմ նախշուն պապը:

 www.groghucav.am

Նախորդ հոդվածը‘Իտալիան եւ Ֆրանսիան իրար կմիանան $35 միլիոն արժողությամբ թունելով ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Երջանիկ Աբգարյան. Մահ տրոյական ձիերին’