Գրուշկո․ «Շատ տարաձայնություններ կան հիմնարար հարցերի շուրջ»

463

Չորեքշաբթի օրը հանդիպումների շարքը՝ նվիրված «անվտանգության պահանջներին», այդ թվում՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելուն, ինչը մեկնարկել էր Ժնևում ռուս-ամերիկյան բանակցություններով, շարունակվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, իսկ այսօր նույն հարցերը կդառնան ԵԱՀԿ Մշտական խորհրդի քննարկման առարկա, որտեղ առաջին անգամ ներկա կլինի նաև Կիևի ներկայացուցիչը։

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում՝ առաջինը 2019 թվականից ի վեր, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անվանել է «անկեղծ զրույց», բայց նաև խոստովանել է, որ «մեծ թվով տարաձայնություններ կան հիմնարար հարցերի շուրջ»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, որը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը հունվարի 9-10-ին Ժնևում կայացած բանակցություններում, ներկա էր նաև Բրյուսելի հանդիպմանը և նշել է ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրների «լիակատար միասնությունը», այդ թվում՝ ռուսաստանյան վետոյի անթույլատրելիությունը Ուկրաինայի կամ ցանկացած այլ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու վերաբերյալ։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Վիեննայում տեղի կունենա կազմակերպության բոլոր անդամ երկրների մասնակցությամբ (դրանք ավելի շատ են, քան ՆԱՏՕ-ում է), սակայն դեսպանների ավելի ցածր մակարդակով։ Դա առաջին հանդիպումը կլինի, որին կմասնակցի նաև ճգնաժամի կենտրոնում հայտնված երկիրը՝ Ուկրաինան, որը, Վաշինգտոնի ունեցած մտավախությունների համաձայն՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է ենթարկվել Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանի իշխանությունները զգուշացնում են
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Կորեան հայտարարել է երրորդ գերձայնային հրթիռն արձակելու մասին