‘Գ.Ջհանգիրյան. Կարծիքի մեջ կարելի է համոզվել փաստերի ուսումնասիրության շնորհիվ’

1836

Մարտի 1-ից հետո անցած վեց տարիների ընթացքում որեւէ հանցագործություն չի բացահայտվել՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով, մինչեւ հիմա Մարտի 1-ի գործով դատապարտվել է մոտ 90 քաղաքացի, որոնք հիմնականում Շարժման ներկայացուցիչներ են, 2 ոստիկան պայմանական պատժի է դատապարտվել, նաեւ՝ 15-16 «թալանչիներ», որոնք սադրիչ խմբերի կազմում իրականացրել են հարակից տարածքների` խանութների, կրպակների թալանը:

«Ստացվում է, որ բոլոր դատապարտվածները միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են կամ պատահական մարդիկ, այլ հանցագործությունների համար որեւէ մեկը չի դատապարտվել: Խոսրով Հարությունյանը երեկ հայտարարեց, թե 220 ոստիկանության աշխատակից է վիրավորվել: Եթե այդպես է, որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չպե՞տք է ենթարկվի»,- ասաց Ջհանգիրյանը:

Լրագրողի հարցին` ինչո՞ւ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը չի ընդունել Մարտի 1-ի գործով առաջին` «Նիկոյանի հանձնաժողովի» աշխատանքներին մասնակցելու հրավերը, պատգամավորը պատասխանեց, որ հարգելի պատճառներով չէր կարող «Նիկոյանի հանձնաժողովի» աշխատանքների ընթացքին անձամբ հետեւել (Գ. Ջհանգիրյանն այդ ժամանակ քաղաքական մեղադրանքով գտնվում էր բանտում-խմբ.) բայց գիտի, որ չեն մասնակցել նաեւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հրավիրվել, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այդ դեպքում, Տեր-Պետրոսյանի հրավերը խտրական է եղել, եւ առաջին նախագահը ճիշտ է արել` չընդունելով հրավերը:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նաեւ նախագծի քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է տարիներ առաջ հայտարարել, որ Մարտի 1-ի իրականացման համար մեղավոր են նաեւ «քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը շատ հեղինակավոր եւ հիմնավոր կարծիք է ինձ համար, բայց ես ուզում եմ այդ կարծիքի մեջ համոզվել փաստերի ուսումնասիրության շնորհիվ եւ այդ փաստերի ուսումնասիրությամբ կազմած եզրակացությունը հանձնել ձեր դատին»,- պատասխանեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘ Նաիրա Զոհրաբյան. Պետդեպարտամենտի գնահատականները լիովին համապատասխանում են իրականությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ Ամունդսեն. Կյանքի օրենքները’